2021 թվականը լի էր աղմկահարույց ու լայն քննարկման արժանացած պաշտոնանկություններով ու նշանակումներով: Ինչպես 2020-ին, այնպես էլ 2021-ին պաշտոնանկություններն ու նշանակումները պարբերական բնույթ էին կրում: Ականատես եղանք նաև մի շարք փոխատեղումների:
Armenia Today-ը պաշտոնանկությունների ու նշանակումների ամենաուշագրավ դրվագներն է առանձնացրել:
Տարվա մեկնարկին՝ 2021-ի փետրվարին, կիզակետում ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն էր:
Երբ 2021թ․ փետրվարի 25-ին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Փաշինյանը գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդություն ներկայացրեց նախագահ Արմեն Սարգսյանին: Վերջինս չստորագրեց Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագրի նախագիծը ու որոշեց դիմել Սահմանադրական դատարան: Ի վերջո, ՍԴ-ն Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու որոշումը սահմանադրական ճանաչեց:
Ամենաքննարկված պաշտոնանկությունների շարքում նաև ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի պաշտոնանկությունն էր, ինչից հետո այդ պաշտոնին նշանակվեց Արշակ Կարապետյանը:
Մայիսի 27-ին Հայաստանի անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո, որտեղ քննարկվել էր հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճը, ԱԳ նախարար Արա Այվազյանը հրաժարական տվեց։ Նա ԱԳ նախարար էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերի 18-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Զոհրաբ Մնացականյանին։ Ըստ ԶԼՄ-ների հրապարակումների՝ երկուսն էլ հրաժարականի դիմումներ են ներկայացրել երկրի քաղաքական ղեկավարության հետ լուրջ տարաձայնությունների պատճառով։
Հունիսին խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության կազմը մասնակի փոխվեց: Տիգրան Ավինյանը չնշանակվեց փոխվարչապետ: Փոխարենը փոխվարչապետ դարձավ նախորդ կառավարության ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Վերջինս որոշ ժամանակ անց նշանակվեց պաշտպանության նախարար: Այս նշանակումն ամենաքննադատված ու քննարկվածների շարքում է: Ոչ միանշանակ էին նաև արձագանքները Արմավիրի մարզպետ, 28-ամյա Մաթևոս Համբարձումյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնին նշանակելու դեպքում:
Իհարկե, ինչպես նախորդ՝ ավելի քան երկու տարիներին, այս տարի կրկին նոր պաշտոն ստացավ մինչ օրս բազմաթիվ պաշտոններ զբաղեցնելու բացարձակ ռեկորդագիր Արգիշտի Քյարամյանը: Հիշեցնենք՝ նա 2020 մայիսի 4-մայիսի 5-ը՝ 1 օրով նշանակվել էր ՀՀ քնչական կոմիտեի նախագահի տեղակալ: 2020 մայիսի 5-ից մինչև հունիսի 8-ը զբացեղրել էր ՀՀ ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնը: 2020 հունիսի 8-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 8-ը զբաղեցրել էր ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը։ Ա. Քյարամյանը 2021-ին հուլիսին նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ։
Դիվանագիտական հատվածում ամենաքննադատվածն ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու որոշումն էր:
Ամենաքննարկվածների թվում նաև Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցչի ընտրությունն է: Իհարկե, այս դեպքում խոսքը ոչ թե նշանակման, այլ, ըստ էության, զուտ քաղաքական որոշման մասին է: Հիշեցնենք, որ հարաբերությունները կարգավորելու նպատակով Թուրքիան և Հայաստանը փոխադարձաբար ներկայացուցիչներ են նշանակել։ Բազմաթիվ քննադատությունների ու հարցերի առիթ դարձավ այն, որ ՀՀ-ն այս դեպքում ներկայացնելու է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Ըստ գնահատականների՝ Ռուբեն Ռուբինյանը դիվանագիտական անհրաժեշետ փորձ չունի և չի կարող ՀՀ ներկայացուցիչը լինել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթաացում։
2021-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն էր հայտնել Հայկ Մարությանին, և նա այլեւս Երևանի քաղաքապետը չէ: Երևանի նոր քաղաքապետ է ընտրվել Հրաչյա Սարգսյանը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






