ԱԺ-ում կան լրագրողների հավատարմագրման ընթացակարգեր, որոնք, ըստ էության, սահմանում են կանոններ լրագրողների մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ-ի ՔՊ-ական թեկնածու Քրիստիննե Գրիգորյանը։ Նա, սակայն, ասաց, որ կատարվածի մանրամասներին ծանոթ չէ, հետևաբար չի կարող գնահատականներ տալ։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է կառուցողական երկխոսություն լրատվամիջոցների ներկայացուցիչների և քաղաքական գործիչների միջև։ Լրագրողները, նրա խոսքով, կարևոր առաքելություն են իրականացնում՝ լուսաբանելով պատգամավորների և քաղաքական գործիչների գործունեությունը։ «Սա երկկողմանի ճանապարհ է»,- ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին դուր չի գալիս, թե ինչպես են լրատվամիջոցների օպերատորները նստել աթոռներին։ Հեռախոսով նկարահանելով նրանց՝ խոսնակը կարգադրել էր հեռացնել աթոռները։
Նշենք, որ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին կայացած նիստում հաստատել է արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը ՄԻՊ պաշտոնում։
Թեկնածությունն առաջադրել է իշխող խմբակցությունը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետը լրանում է 2022 թվականի փետրվարի 23-ին, և իշխանությունները մտադիր չեն նրան վերընտրել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






