Ավագանու անդամներն ու քաղաքապետն ընտրվում են քաղաքական ընտրություններով։ Նրանք ներկայացնում են այս կամ այն քաղաքական թիմը։ Ինչպես իր քաղաքական թիմից հեռացած Ազգային ժողովի պատգամավորը չի կարող լինել Ազգային ժողովի նախագահ կամ նրա տեղակալ, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի ղեկավար, նույն տրամաբանությունը վերաբերում է նաև Երևանի ավագանուն:
Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ մեկնաբանելով Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների՝ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու որոշումը։
Նշենք, որ երեկ՝ դեկտեմբերի 15-ին, հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականի գործընթացը։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ արդեն հավաքվել է 40 ստորագրություն, մինչդեռ անվստահություն հայտնելու ընթացակարգը սկսելու համար անհրաժեշտ է ընդամենը 33-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







