«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում 2022-ի հունվարի 1-ից 50 միկրոտոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների եւ պարկերի վաճառքը կարգելվի։ Հունվարի 1-ին մնացել է շուրջ 2 շաբաթ, սակայն տնտեսվարողները դեռ կամուկացի մեջ են, հստակ որոշում չեն կայացրել: «Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայի շուրջ երեւանյան սուպերմարկետներից հետաքրքրվեց, թե պոլիէթիլենային տոպրակների փոխարեն այլընտրանքային ինչ տարբերակ են առաջարկելու հաճախորդներին: Մեր հարցին ի պատասխան՝ «Ծիրան» սուպերմարկետից փոխանցեցին, որ սպասում են պաշտոնական հայտարարության. «Մենք ինֆորմացիա ունենք, որ մասայականորեն չեն վերանալու պոլիէթիլենային տոպրակները, միկրոնն է հաստանալու, բնականաբար այդ դեպքում գինը բարձրանալու է, եւ հաճախորդներին պետք է այլընտրանք առաջարկել: Այս դեպքում մեր սուպերմարկետը մեր հաճախորդներին առաջարկում է էկո տոպրակներ՝ թղթից պատրաստված, որոնք բազմակի օգտագործման համար են»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, Քննչական կոմիտեն նրան մեղադրում է «հողերի նշանակությունը փոխելու» մեջ եւ կարծում է, որ այդ «սարսափելի» հանցանքի համար դեկտեմբերի 5-ին, քաղաքի բնակիչների մոտ կեսի կողմից ընտրված մարդը պետք է բանտում լինի: Մանավանդ՝ առաջիկա օրերին ավագանու նիստ է նախատեսված, եթե նա ազատության մեջ լինի, հնարավոր է կրկին քաղաքապետ ընտրվի, ինչն անչափ չեն ուզում գործող իշխանությունները, որոնք ակնհայտորեն կորցրել են իրականության զգացողությունը: Ասլանյանին ուղղակի պատանդ են վերցրել»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին մեղադրանք էր առաջադրվել և միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանը միջնորդությունը բավարարել էր: Այս գործի հետ կապված՝ «Փաստին» մի քանի ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորաբար, մեր տեղեկություններով, իշխանությունները Տավուշի նախկին մարզպետ, ներկայումս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի միջոցով ոչ մեկ անգամ Մանուչարյանին առաջարկել են հրաժարական տալ, որպեսզի կարողանան ՏԻՄ-երի «զավթման» շրջանակներում Բերդում ևս պաշտոնակատար նշանակել իրենց ցանկալի անձին»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, չնայած ՀՀ գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի սեպտեմբերին, սակայն իշխանության ներսում արդեն սկսել են քննարկել ու խոսել այն մասին, թե ով կարող է լինել ՀՀ գլխավոր դատախազ: Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի թեկնածությունը: Բանն այն է, որ ԱԱԾ-ում Սիմոնյանին համակարգի մարդ չեն համարում, ինչպես եղավ դա ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի պարագայում, ուստի նրա տեղափոխման հարցը սարերի հետեւում չէ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունների օրակարգում Սյունիքի մարզպետի փոփոխության հարցն է դրված` Նիկոլ Փաշինյանն ուժեղ մարդու փնտրտուքի մեջ է, որը կկարողանա առաջիկա զարգացումներին ընդառաջ մարզը բռի մեջ հավաքել։ Սյունիքի մեր աղբյուրները փոխանցում են, որ այս լուրերն ընկել են նաեւ մարզպետի ականջը, ու Մելիքսեթ Պողոսյանը 12 օրով արձակուրդ է վերցրել՝ փորձելով ինչ-որ ժամանակ շառից-փորձանքից հեռու մնալ։ Ուշագրավ է, որ նա ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել փոխմարզպետներից Կարո Ավետիսյանին, չնայած, որպես կանոն, նրա արձակուրդ մեկնելու ժամանակ փոխարինող նշանակվում էր Նարեկ Բաբայանը, սակայն քանի որ Բաբայանը համարվում է իր գլխավոր մրցակիցը, այս անգամ նրան չի վստահել։ Մարզպետն արձակուրդում կլինի դեկտեմբերի 13-24-ը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







