«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդիկ կան, որոնք կարեւոր դեր ունեն երկրում, բայց ստվերում են՝ անկյուն քաշված իրենց գործն են առաջ տանում: Մոտ 3 տարի նման գորշ կարդինալի դերում էր Տիգրան Ավինյանը։ Նույնը՝ Սուրեն Պապիկյանը, որը շատ որոշումների կայացմանն է ակտիվ մասնակցել։ Հիմա, զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, նաեւ միջազգային հարթակ է դուրս եկել` սերտ շփվելու է ՌԴ պաշտոնական շրջանակների, ՆԱՏՕ-ի հետ, բայց ձեռք չի քաշում նաեւ ներքին կյանքից: Նա նախկինում էլ պաշտոնների է տեղավորել իր ընկեր-բարեկամներին, հիմա առավել ինտենսիվ է տարբեր համակարգերում իր մարդկանց ներդնում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ-ում եւ, առհասարակ, տարբեր գերատեսչություններում իշխանությունները կադրային լուրջ խնդիր ունեն եւ այդ բացը լրացնելու, թույլ ղեկավարներին ուժեղներով ու պրոֆեսիոնալներով փոխարինելու համար տեղափոխությունների շարք են սկսել: Շատ պաշտոնյաներից ազատվելու դեպքում չգիտեն՝ նրանց ինչ աշխատող կադրով փոխարինեն. պրոֆեսիոնալների սով է: Իսկ թե ով կլինի ԳՇ պետ, իշխանությունները փնտրում են. երեկ խոսվում էր, որ հնարավոր է՝ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը նշանակվի ԳՇ պետ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Էդուարդ Աղաջանյանի նախաձեռնությամբ, երեկ իշխող խմբակցությունը փակ հանդիպում է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հետ։ Գաղափարը Նիկոլ Փաշինյանինն է եղել, որը Լիպարիտյանին «գործուղել» է ԱԺ` իր «Սպիտակ թուղթ» գրքի թեզերը պրոպագանդելու՝ թուրքերի հետ բարիդրացիության, առանց նախապայմանների, այն է՝ ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելով հարաբերություններ հաստատելու, առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման` խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին։ Սահմանազատումից առաջ Փաշինյանին պետք է նախ իր թիմին նախապատրաստել, քանի որ այդ փաստաթուղթը պետք է վավերացնի ԱԺ-ն։ Նա մտահոգ է՝ ՔՊ-ականների մեջ էլ հայրենասեր մարդիկ կլինեն եւ կխոչընդոտեն իր ծրագրերին»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2021թ. առաջին 9 ամիսներին արձանագրվել է պաշտոնական դրամաշնորհների բավական ցածր` 29.3% կատարողական։ Սա պայմանավորված է արտաքին դոնորների կողմից տրամադրվող նպատակային դրամաշնորհների 64.0% թերակատարմամբ (խոսքը շուրջ 10 մլրդ դրամի մասին է): Ընդ որում, նպատակային ծրագրերից 5-ի շրջանակներում նախատեսված 1.8 մլրդ դրամի դրամաշնորհները չեն ստացվել ամբողջությամբ, իսկ 13 ծրագրերի շրջանակներում նախատեսված միջոցները ստացվել են մասնակիորեն՝ 36.4%-ով, որոնք կազմել են ավելի քան 4.7 մլրդ դրամ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած ուրբաթ «Հայաստան» խմբակցությունը հանդես եկավ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ։ Նախագիծը երեկ դրվել է շրջանառության մեջ։ Գրել են, որ նա իր հայտարարությունները պետք է անի կշռադատված, չխախտի Սահմանադրությունն ու օրենքները, «չառաջացնի խնդիրներ ՀՀ պետականության համար», մինչդեռ ԱԺ նախագահի հայտարարություններն ազդում են ՀՀ միջազգային հեղինակության, արտաքին եւ ներքին անվտանգության վրա, խախտում են գերիների «անմեղության կանխավարկածը», հոգեկան տառապանք պատճառում նրանց հարազատներին։ Ննախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո 14 օրում գլխադասային հանձնաժողովում պետք է քննարկվի: Եթե ՔՊ-ական մեծամասնությունը մերժի այն, ներկայացնող խմբակցությունը նախագիծը կարող է համարել արտահերթ եւ մտցնել լիագումար նիստի օրակարգ, սակայն օրակարգում ընդգրկվելու համար պետք է մեծամասնությունը կողմ քվեարկի, ուստի հարցն օրակարգ չի մտնի»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







