«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզի Վեդի համայնքում հետընտրական կրքերն այնքան լարված են, որ ընտրություններին մասնակցած ուժերի կողմնակիցների միջեւ լեզվակռիվը նախօրեին ավարտվել է դանակահարությամբ։
«Հզոր համայնք» կուսակցության աջակից Տիգրան Նահապետյանն ու «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորած Գագիկ Հակոբյանի՝ Գոջիի աջակից Բորիկ Հովակիմյանը, որոնք աշխատում են Վեդիի էլեկտրացանցում, վիճել են, թե ով պետք է դառնա Վեդիի համայնքապետ, եւ լեզվակռիվն այնքան է թեժացել, որ Գոջիի համակիրը սեղանից դանակը վերցրել ու դանակահարել է Տիգրան Նահապետյանին` խոցելով թոքը: Նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք, վիճակը կայուն ծանր է գնահատվում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սուրեն Պապիկյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելուց հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետի պաշտոնում մի քանի թեկնածուի են դիտարկել, այդ թվում նաև՝ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանին, ինչի մասին «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր։ Փաշինյանի ընտրությունն ի վերջո Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանի վրա էր կանգ առել։ Մեզ հասած տեղեկություններով՝ ՔՊ վարչության նիստի ժամանակ, երբ քննարկվելիս է եղել փոխվարչապետի հարցը, առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն ինքնաառաջադրվել է»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին սոցցանցերում տարածվեց տեղեկություն, որ դեկտեմբերի 7-ին սահմանամերձ Ոսկեպար գյուղ է ժամանել Տավուշի մարզի ճանապարհաշինական ընկերություններից մեկի աշխղեկը և հայտնել Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային` սարերով ձգվող ճանապարհի կառուցման մասին։ Ըստ տեղեկությունների, Ոսկեպարում ճանապարհաշինարար բանվորների բնակվելու համար ազատ տներ են փնտրել։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Նոյեմբերյանի տարածաշրջանում բավականին ակտիվորեն քննարկում են այս տեղեկությունը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը որոշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես գալ։ Ընդդիմադիրները ստորագրահավաք են կազմակերպել, դիմել են նաեւ «Պատիվ ունեմ»-ի գործընկերներին:
Մեր տեղեկություններով, երեք հոգի` Արթուր Վանեցյանը, Իշխան Զաքարյանը եւ Թագուհի Թովմասյանը, հրաժարվել են ստորագրել, ստորագրել են ՀՀԿ-ականները»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






