Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմից հրետակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի քաղաքացիական անձը: Մեր ցավակցությունն ենք հայտնում մահացածի ընտանիքին և ընկերներին: Այդ մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ինչպես նշել է Զախարովան՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համապատասխան հետաքննություն է անցկացնում՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ: Նրա խոսքերով՝ իրենց պատասխանատվության գոտում միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար ռուս խաղաղապահները շարունակական փոխազդեցություն են պահպանում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
«Այս ողբերգական միջադեպը հաստատում է երեք երկրների ղեկավարների հայտարարությունների բոլոր դրույթները խստորեն պահպանելու կարևորությունը: Մենք կոչ ենք անում երկու կողմերին հնարավորինս շուտ վերացնել հումանիտար դաշտում առկա փոխադարձ գրգիռները, փոխանակել ռազմագերիներին «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով և ականապատ դաշտերի քարտեզներով»,- ընդգծել է Զախարովան:
Նա անդրադարձել է նաև հոգևոր առաջնորդների հանդիպմանը` նշելով, որ նրանց շփումները պահպանվում են տասնամյակներ շարունակ: «Նրանք առանձնանում են իրենց վստահությամբ: Մենք, անշուշտ, տեսնում ենք, որ սա յուրահատուկ ձևաչափ է և, անկասկած, այն նպաստում է կողմերի միջև փոխըմբռնման խորացմանը և միջկրոնական երկխոսության խթանմանը»,- նշել է Զախարովան:
Ըստ պաշտոնական ներկայացուցչի՝ Ռուսաստանը ելնում է նրանից, որ հոկտեմբերի 13-ին Մոսկվայում կայացած հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և Անդրկովկասում ընդհանուր իրավիճակի բարելավմանը, ներառյալ վստահության ամրապնդմանը, հրատապ հումանիտար խնդիրների լուծմանը և մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում էր ստացել Մարտակերտի 55-ամյա բնակիչ Արամ Տեփնանցը: Դեպքը տեղի է ունեցել Մարտակերտի հարակից տարածքում: Դեպքի առթիվ Արցախի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






