Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին հոկտեմբերի 12-ին եռօրյա այցով կժամանի Երևան: Այս մասին հայտնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը:
Այցի ընթացքում երկու երկրների գլխավոր դատախազների միջև կանցկացվեն բանակցություններ, որոնց ընթացքում նրանք կքննարկեն իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև կապերի հետագա ամրապնդման, քրեաիրավական ոլորտում աջակցության վերաբերյալ համագործակցության և գլոբալ հանցագործությունների դեմ պայքարում երկու ուժային կառույցների համատեղ ջանքերը: Կքննարկվեն նաև երկու երկրներում քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: Նախատեսվում են նաև մի շարք այլ բարձր մակարդակի հանդիպումներ:
Սա 2013-ից ի վեր Իրանի գլխավոր դատախազի առաջին այցն է Հայաստան, որին նախորդել էր ՀՀ գլխավոր դատախազի այցը Թեհրան 2018 թվականի նոյեմբերին: Այդ այցի ընթացքում Իրանի մայրաքաղաքում ստորագրվել է երկու երկրների դատախազների համագործակցության ծրագիրը, և նախատեսվում են համատեղ միջոցառումներ:
Երկու երկրների դատախազների միջև միջազգային իրավական համագործակցությունն իրականացվում է 2006 թվականի հուլիսի 5-ին Հայաստանի և Իրանի միջև ստորագրված արտահանձնման պայմանագրի, քաղաքացիական-քրեական համագործակցության մասին համաձայնագրի, ինչպես նաև ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







