«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի օրենսդիրներին են փոխանցել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը, որպեսզի ուսումնասիրեն ու դիրքորոշում ներկայացնեն: Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին գործադիրից հորդորել են լավ կարդալ, ուսումնասիրել ու ակտիվ մասնակցություն ունենալ ԱԺ հանձնաժողովներում բյուջեի քննարկումների ժամանակ: Իշխանության մեր աղբյուրները նշում են, որ պետք է իշխանական թեւը «գունավոր» ներկայացնի այն անելիքները, որոնք պետք է իրականացնի կառավարությունը՝ հայտնելով, թե այսքան ծանր վիճակում իրենց իշխանությունը ինչպես է պատրաստվում թոշակառուների գումարն ավելացնել, սոցիալական հարցեր լուծել, ընտանեկան ու առողջապահության շատ հարցեր լուծել»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում կրկին խոսվեց պատվաստումների եւ համավարակի թեմայով, Նիկոլ Փաշինյանն անգամ նախատեց նախարարին` վատ աշխատանքի եւ պատվաստումների դանդաղելու համար, եւ ուժայիններին էլ հանձնարարեց՝ զբաղվել պատվաստումների դեմ հակաքարոզչություն անողներով։ Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո այս թեմայով նաեւ փակ խորհրդակցություն է հրավիրել եւ հանդիմանել Անահիտ Ավանեսյանին՝ ասելով, որ հնարամիտ եղանակներ մտածի ու վերահսկի ոլորտը: Նաեւ հանձնարարականներ է տվել ուժային կառույցներին ու տեսչական մարմիններին` ստուգայցեր կազմակերպել բուժհաստատություններ, նաեւ՝ քաղաքացիական հագուստով ու հակապատվաստումային քարոզ իրականացնող բուժաշխատողներին բերման ենթարկել եւ պատասխանատվության ենթարկել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես օրեր առաջ էինք հայտնել, կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում կորոնավիրուսի դեմ պատվաստումների թիվն ավելացնելու համար։ Հայաստանում համավարակից մահերի աճը եւ պատվաստումների ոչ բավարար քանակը ստիպում են իշխանություններին անցնել ավելի կտրուկ քայլերի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարությունում ակտիվ քննարկումներ են ընթանում, քննարկում են կորոնավիրուսով վարակված եւ չպատվաստված քաղաքացինների բուժման ծախսերը այլեւս չհոգալու մասին որոշումը։ Համաձայն այդ որոշման՝ այսուհետեւ պետությունը կհոգա միայն պատվաստված քաղաքացիների բուժման ծախսերը, եթե վերջիններս հանկարծ վարակվեն ու հայտնվեն հիվանդանոցում, իսկ դեռեւս չպատվաստված քաղաքացիները, ովքեր կորոնավիուսով վարակվելուց հետո կհայտնվեն հիվանդանոցում, ստիպված կլինեն իրենց գրպանից վճարել բուժման ծախսերը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի ՏԻՄ ընտրություններին թեպետ դեռ 2 ամիս ժամանակ կա, բայց քաղաքում նախընտրական եռուզեռ է սկսվել։ Մեզ հայտնի են դարձել քաղաքապետի որոշ թեկնածուների անուններ, որոնց շուրջ քննարկումներ են ընթանում։ Չի բացառվում, որ «Քաղպայմանագրի» թեկնածուն լինի գործող մարզպետ Արամ Խաչատրյանը: Գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Մամիկոն Ասլանյանը բանակցում է Խաչատուր Քոքոբելյանի հետ՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությամբ առաջադրվելու համար»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարության անդամներից միայն ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն է այն համարձակը, ով հրապարակավ խոստովանել է, որ իր աշխատասենյակում կա Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, եւ հայտարարել է, որ նկարն իր վրա մեծ ազդեցություն է թողնում: Մյուս նախարարները լռում են. ինչո՞ւ: «Ժողովուրդ» օրաթերթից մոտ երկու շաբաթ պահանջվեց՝ պարզելու համար, թե գործադիրի անդամներից ովքեր են իրենց աշխատասենյակի պատերը զարդարել Փաշինյանի պատկերով»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







