Հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Այս մասին հայտնել է ԱԺ մամուլի ծառայությունը։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ՝ անդրադառնալով տարածաշրջանում անվտանգային խնդիրների կարգավորմանն ու տևական խաղաղության հաստատմանը՝ կողմերի միջեւ զրույց է ընթացել տարածաշրջանում եւ Հայաստանի սահմանների շուրջ տիրող իրավիճակի, ռազմագերիների անհապաղ վերադարձի եւ այլ չլուծված մարդասիրական խնդիրների մասին:
Կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, որը կնշվի 2022 թվականին, ինչպես նաև՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի առթիվ միջխորհրդարանական ծրագրերի մշակման անհրաժեշտությանը:
Խորհրդարանական ձեւաչափում կարևորվել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի դերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ոլորտային հանձնաժողովների փոխգործակցությունը: Հանդիպման ավարտին անդրադառնալով 2020 թվականին Covid 19-ի պատճառով Վալենտինա Մատվիենկոյի Հայաստան կատարելիք այցի հետաձգմանը՝ Ալեն Սիմոնյանը վերահաստատել է հրավերը՝ նշելով, որ սպասում է գործընկերոջը Հայաստանում` նրան հարմար ժամանակահատվածում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






