Գլեդիս Բերեջիկլյանը հայտարարել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի վարչապետի պաշտոնից հեռանալու մասին այն բանից հետո, երբ Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովը (ICAC) հայտարարել է, որ հետաքննություն կիրականացնի նախկին պատգամավոր Դերիլ Մագուայրի հետ հարաբերությունների համար: Այդ մասին հայտնում է ավստրալական 7news հեռուստաալիքը։
Ուրբաթ օրը տեսաուղերձով դիմելով լրատվամիջոցներին՝ Բերեջիկլյանն ասել է, որ իր հրաժարականը ուժի մեջ կմտնի հենց որ NSW լիբերալ կուսակցությունը կարողանա ընտրել նոր առաջնորդ:
Բերեջիկլյանը նաև հայտարարել է, որ հրաժարական է տալիս այն բանից հետո, երբ ընտրական հանձնաժողովի հետ խորհրդակցել է Վիլուբբիի իր նստավայրում լրացուցիչ ընտրությունների անցկացման համար համապատասխան ժամանակի մասին՝ հաշվի առնելով Սիդնեյում առկա COVID սահմանափակումները:
«Վարչապետի պաշտոնից իմ հրաժարականը չէր կարող տեղի ունենալ ավելի վատ ժամանակաշրջանում, բայց ժամանակը լրիվ իմ վերահսկողությունից դուրս է, քանի որ ICAC-ն ընտրել է այս գործողությունը NSW-ի պատմության ամենադժվար շաբաթների ընթացքում», — ասել է նա:
«Չեմ կարող ասել, թե ICAC-ից որքան ժամանակ կպահանջվի հետաքննությունն ավարտելու համար․․․ ես ցավով եմ հայտարարում, որ այլ ելք չունեմ, բացի վարչապետի պաշտոնից հրաժարվելը»,-ասել է Բերեջիկլյանը։
Այս հարցի վերաբերյալ հանրային հետաքննություն կանցկացվի հոկտեմբերի 18 -ից, որը կվերահսկի ICAC-ի հանձնակատարի օգնական Ռութ Մաքքոլը:
Սպասվում է, որ այն կտևի մոտ 10 օր:
Նշենք, որ 2020 թ․-ին Գլեդիս Բերեջիկլյանը խոստովանել էր, որ երկար ժամանակ գաղտնի հարաբերություններ է ունեցել Չինաստանի քաղաքացիներին վիզաներ վաճառելու մեջ կասկածվող նախկին պատգամավոր Դերիլ Մագուայրի հետ, որը նա «իր անձնական սխալն» էր անվանել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







