Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԱԺ չանցած «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն Armenia Today-ի հետ զրույցում հայտնեցին` պատրաստվո՞ւմ են արդյոք մասնակցել ՏԻՄ ընտրություններին։
ԲՀԿ կուսակցության անդամ Արման Աբովյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այսօր քաղաքական թիմը որոշում է կայացրել չմասնակցել հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։
«Որոշում ենք ընդունել, որ հոկտեմբերի 17-ի ընտրություններում ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել, բայց դա վերաբերում է միայն հոկտեմբերի ընտրություններին։ Նոյեմբերի և դեկտեմբերի ընտրությունների համար քննարկումներն առայժմ շարունակվում են։ Մենք բոլոր քաղաքական պրոցեսների մեջ ներգրավված ենք»,- ասաց Աբովյանը։
Նա նշեց, որ քաղաքական պրոցեսները կենդանի օրգանիզմ են, և հընթացս կընտրվեն թեկնածուներ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Արեն Պետունցն էլ հայտնեց, որ մեկ-երկու օրում կհրապարակեն ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրենց որոշման մասին։ Այս պահին ոչինչ հայտնի չէ։
Նշենք, որ ավելի վաղ Armenia Today-ի հետ զրույցում ՀՀԿ-ից հայտնել էին ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։
Հիշեցնենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Հայաստանում կանցկացվեն հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






