«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «8-րդ գումարման խորհրդարանում շարունակվող սրացումները, ծեծկռտուքներն ու հայհոյանքները ՀՀ պետական շատ կառույցների աշխատանքը պարալիզացրել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեծ ու փոքր պաշտոնյաներ իրենց օրը սկսում են՝ Ազգային ժողովի նիստերի ընթացքին հետեւելով, իրավիճակը վերլուծելով: Կառավարության, նախարարությունների, դատական համակարգի, ուժային բոլոր կառույցների աշխատակիցների մեծ մասը անգործության է մատնված: Ուժային կառույցները, բուն գործերը թողած, հետեւում են Աժ ծեծկռտուքին, դատական նիստերը, հարցաքննությունները, որոնք շատ շտապ չեն, հիմնականում հետաձգվում են կամ չեն կայանում: Անգամ ԲԴԽ պլանավորված նիստերը չեն կայանում: Բոլորը սպասում են՝ ինչ է կատարվելու ԱԺ-ում»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԳՆ, հանդիպել ղեկավար կազմի հետ եւ ասել, որ սկսեն ողջ ծավալով գործել՝ արդեն նախարար ունեն եւ լիքը անելիք։ ԱԳՆ-ում ոգեւորությամբ են ընդունել այս հրահանգը, որ վերջապես դուրս կգան կրավորական վիճակից։ Ի դեպ, ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը շարունակելու է բնակվել Պռոշյանի կառավարական ամառանոցներում։ Նա այնտեղ էր տեղափոխվել դեռեւս 2018-ին՝ որպես ԱԺ նախագահ։ Այժմ նշանակվելով արտաքին գործերի նախարար՝ նա կարող էր դուրս գալ ամառանոցից, քանզի նախկինում ԱԳ նախարարները, որպես կանոն, չեն բնակվել այստեղ։ Բայց, ըստ օրենքի, նման իրավունք ունեն Անվտանգության խորհրդի անդամները, իսկ Միրզոյանն ԱԽ անդամ է, ուստի նա կարող է այնտեղ բնակվել։ Սակայն բանն այն է, որ ոչ բոլոր ԱԽ անդամներն են բնակվում այստեղ, այլ միայն նրանք, ում հրավիրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախյան վերջին պատերազմում զոհված հերոսների գերեզմանների կառուցապատման աշխատանքները, հնարավոր է, մինչեւ տարեվերջ չավարտվեն. նրանց մահվան մեկ տարին, սեպտմբերից սկսած, լրանում է, սակայն գերեզմանաքարերը տեղադրված չեն լինի: ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը, «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, ասաց. «Այսօրվա դրությամբ արդեն չորս ընտրանի ունենք՝ 7 տեսակի քարերից ընտրած, եւ ծնողներն արդեն իրենց ընտրությունը կատարել, ավարտել են: Մենք պլանավորում ենք ավարտել այս տարեվերջին, բայց ամեն ինչ կախված է լինելու դրսից ներկրվող քարերի բերման հետ։ Եթե չլինեն խանգարող հանգամանքներ, պլանավորում ենք ավարտը տարեվերջին, թեեւ կարծում եմ, որ մի քիչ կձգձգվի: Մենք ընդամենը երկու օր առաջ ենք ավարտել արդյունքների ամփոփումը, այսօր համապատասխան աշխատանքներ են տարվում կանոնակարգելու քարերի ընտրանիի հետ կապված հարցերը, որպեսզի շինարարներին իրազեկենք»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ իշխանության վերնախավի կողմից հրահանգ կա խորհրդարանում կոնկրետ 4 անձի նկատմամբ անհանդուրժող լինել. նրանք են ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, նույն խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ու պատգամավոր Վահե Հակոբյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից Աննա Մկրտչյանը: ՔՊ-ականները Վահե Հակոբյանին մեղադրում են Սյունիքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիաներ կազմակերպելու համար, Իշխան Սաղաթելյանին՝ Երեւանում իշխանության դեմ բողոքներ կազմակերպելու համար: Հատկապես երբ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, թե խորհրդարան են գալու իշխանությանը օր ու արեւ չտալու համար, չեն մոռանում: Սեյրան Օհանյանին «չեն ներում», որ 44-օրյա պատերազմից հետո իշխանությանը «թողեց» ու գնաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողքը, իսկ Աննա Մկրտչյանի աններելի քայլը Նիկոլ Փաշինյանին «կապիտուլյանտ» ասելն է»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







