Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Արայիկ Հարությունյանը հաջողություն է մաղթել Արարատ Միրզոյանին արտաքին քաղաքական մարտահրավերների հաղթահարման կարևոր գործում։
Զրուցակիցները անդրադարձել են իրավիճակին Արցախում և առկա հումանիտար ու սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին՝ այս հարցում կարևորելով Հայաստանի և Արցախի պետական գերատեսչությունների միջև մշտական կապի և համագործակցության ամրապնդումը։
Նախարար Միրզոյանը և նախագահ Հարությունյանը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման ու տևական և արդար քաղաքական լուծման անհրաժեշտությունը։ Առանձնահատուկ ընդգծվել է իր պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի ապրելու և ինքնորոշման իրավունքի ճանաչման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ադրբեջանական ԶՈՒ կողմից իրանակացվող սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







