«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայրենի կառավարությունը պատրաստվում է խորհրդարանում իր ծրագիրը ներկայացնել օգոստոսի 24-ին: Գործադիրը մինչեւ օգոստոսի 23-ը պետք է խորհրդարանական խմբակցություններին ուղարկի կառավարության ծրագիրը, որպեսզի ընդդիմությունն էլ իր հերթին ուսումնասիրի ու դիրքորոշում ներկայացնի: Երեկ արդեն երկրորդ անգամ ԱԺ ՔՊ իշխանական ֆրակցիան կառավարության ծրագիրը քննարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ հիմնականում Փաշինյանն է խոսում, ներկայացնում իրենց տեսլականը: Իշխանությունը ցանկանում է իր խմբակցության սրտով «տեսակավորել» կառավարության ծրագիրը, նոր ուղարկել ԱԺ ընդդիմությանը: Մենք տեղեկացանք, որ թեժ քննարկվում է իշխանության ներսում, թե կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ինչպես պետք է իրեն պահի Նիկոլ Փաշինյանը, կամ ընդհանրապես արժե, որ Փաշինյանը ներկայանա խորհրդարան, ելույթ ունենա, թե այս փակ հանդիպումների ժամանակ պատասխանի իր թիմի հարցերին, ու այդքանով ամեն ինչ ավարտվի»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում խարդախության արդեն որերորդ դեպքն է գրանցվում տուրիստական ընկերության կողմից: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Դավինչի թրավել»-ից գնել են արտերկրում հանգստի ուղեգրեր, հետո պարզվել է, որ իրենց անունով տոմսեր չկան, հյուրանոցները գումարը չեն ստացել, ամրագրումներ չեն արվել։ Խարդախության նման դեպքեր գրանցվում են ամեն տարի՝ ամառային հանգստի սեզոնին: Պատճառն այն է, որ տուրօպերատորները որեւէ պետական կառույցի կողմից չեն վերահսկվում: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զբոսաշրջային ընկերությունները Հայաստանում չեն էլ լիցենզավորվում: «Զբոսաշրջային կոմիտեն չունի նման մեխանիզմ եւ լիազորություններ, որպեսզի վերահսկողություն իրականացնի: Ուղիղ լիազորություն, որ ընկերության գործունեություն կասեցնի, եթե խարդախություն են անում, կոմիտեն չունի: Օրենքով նախատեսված է, որ փաթեթ վաճառելիս զբոսաշրջային օպերատորը սպառողի հետ պայմանագիր կնքի, եւ պայմանագրում ենթակա դրույթներ եւս նախատեսված են, կոմիտեն չի կարող վերահսկել՝ կնքվում է այդ պայմանագիրը, թե ոչ»,- օրաթերթի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ խորհրդարանում լրագրողների հավատարմագրման կարգը փոխվելու է: Ըստ մեր տեղեկությունների՝ փոփոխությունները հեղինակել են երկու պատգամավորներ՝ նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանը եւ նախկին դերասան Հրաչյա Հակոբյանը։ Այդ փոփոխությունները վերջիններս ներկայացրել են ԱԺ նախագահին: Նրանք այս օրերին հանդիպումներ են ունենում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ու քննարկում, թե որ լրագրողները կկարողանան մուտք գործել խորհրդարան, ում պետք է զրկել հավատարմագրումից, կամ ինչպիսի հավատարմագրման կարգ պետք է լինի ընդհանրապես»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







