«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հեղուկ գազի գնի բարձրացման առիթով կրքերը դեռ չեն հանդարտվում: Վարորդները խիստ զայրացած են. հեղուկ գազի գինն օր օրի է բարձրանում, բայց որեւէ պետական կառույցի կողմից շուկան չի վերահսկվում: Բայց գնի բարձրացմանը զուգահեռ շուկայում հեղուկ գազի պակասուրդ է: Թերթի տեղեկություններով՝ որոշ ընկերություններ այս օրերին հեղուկ գազի գինը այնքան են բարձրացրել, որպեսզի այն չվաճառվի, չպակասի մինչև նոր խմբաքանակի ներկրումը, այսինքն՝ վարորդները բարձր գնի պատճառով չգնեն այն: Բայց մեկ այլ գազալցակայանի աշխատող «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ հայկական շուկայում հեղուկ գազի դեֆիցիտ ստեղծվել է այն պատճառով, որ Իրաքից այն դժվարությամբ է ներկրվում. այնտեղ ներկրողները ստիպված են լինում օրերով սպասել, որն էլ լրացուցիչ ֆինանսական ծախսեր է առաջացնում նրանց համար: Գրեթե նույն պատկերն է Ռուաստանի դեպքում: Բացի այս, Հայաստան տեւական ժամանակ է, ինչ Իրանի Իսլամական Հանրապետւթյունից հեղուկ գազ չի ներկրվում: Սա է պատճառը, որ այս շուկայում ոչ միայն պակասուրդ է գրանցվել, այլեւ գնաճ: Սակայն հեղուկ գազ ներկրող տնտեսվարողները վստահեցնում են, որ առաջիկա տասն օրերի ընթացքում շուկայում ե՛ւ գինը կկարգավորվի, ե՛ւ պակասուրդը կվերանա»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Տավուշում Վարդավառը տոնում են ոչ եկեղեցու օրացույցով, այլ հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի օրը, որն այս տարի հուլիսի 25-ն է։ Նիկոլ Փաշինյանն ու իր մանկության ընկեր՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանը մտադիր են այս տարի էլ հայրենի Տավուշում մասնակցել այդ տոնակատարությանը։ Ոստիկանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ արդեն հրահանգվել է, որ այդ օրը ոստիկանական մեծ խմբեր ուղեկցեն տավուշցի պաշտոնյաներին հայրենի մարզում։ Խոսքը մոտ հազար ոստիկանի մասին է, որոնց զգալի մասը, բնականաբար, կլինի քաղաքացիական հագուստով՝ մասովկան և անվտանգությունն ապահովելու համար»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին հեռացնելու օպերացիան կարելի է ավարտված համարել: Իշխանությունը տևական ժամանակ է՝ փորձում էր տարբեր ձևեր գտնել Մարությանին պաշտոնանկ անելու համար, սակայն ապարդյուն, որևէ ձևով նրանց չի հաջողվել հասնել իրենց նպատակին: Համենայնդեպս այս պահին այդ պրոցեսը կանգնեցրել են, իսկ Մարությանն էլ շարունակում է ակտիվորեն ապամոնտաժել Երևանի որոշ ապօրինի շինություններ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ իշխանական վերնախավին դուր է եկել Մարությանի՝ ամեն ինչ քանդելու գործելաոճը: Իշխանության համար ընդունելի է նաև այն փաստը, որ Մարությանը «մահաբեր գազելները» փոխում է նոր «գազելներով» ու հանրությանը ցույց է տալիս, թե գործ է անում: Մի խոսքով, աշխատանքի իմիտացիան դուր է եկել երկու տարի անգործության հետ ասոցացվող դերասանին քաղաքապետ դարձրած Փաշինյանին. նա հրահանգել է կանգնեցնել Մարությանի դեմ արշավները»: «Իրավունք» թերթը գրում է․ «Դերասան, ռեժիսոր, երաժիշտ, դեռևս նաև պատգամավոր Արթուր Մանուկյանը, որը 2018 թվականին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո դարձավ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, այս անգամ որոշել է իր տեղը զիջել առավել հմուտ և փորձառու քաղաքական գործիչների։ Համենայնդեպս, դերասանն իր նեղ շրջապատում այդպես է ասում։ Ավելի վաղ «Իրավունքը» գրեց, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Նիկոլ Փաշինյանին չի գոհացնում, իսկ ահա Փաշինյանը որոշել է ազատվել Դումանյանից։ Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ որոշել է, թե ով պետք է փոխարինի Դումանյանին։ ԿԳՄՍ-ի մեր աղբյուրների պնդմամբ՝ նախարարի հավանական թեկնածուն դերասան, ռեժիսոր, երաժիշտ Արթուր Մանուկյանն է»,-գրում է թերթը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







