Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի գնահատմամբ՝ հայ- ադրբեջանական սահմանի Երասխի սահմանին իրավիճակը նորմալ է։ Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նա հավաստիացրեց, որ Երասխում բնակչության մոտ խուճապ չկա։ Խուճապը, Արարատի մարզպետի խոսքով, լրագրողների մոտ է։
Հարցին՝ որքան կշարունակվի այս վիճակը, նա արձագանքեց. «Չի շարունակվի»։
Միևնույն ժամանակ Ռազմիկ Թևոնյանը չբացառեց, որ հնարավոր է առաջիկայում էլ իրավիճակը լարվի, բայց վստահեցրեց, որ հիմա սահմանին հանգիստ է։
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր
Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:
Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունեցել է զոհ, հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը։
Վերջին օրերին, սակայն, իրավիճակը հանգիստ է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






