Պաշտոնական Բաքուն ոչ պաշտոնական խողովակներով տեղեկատվություն է ստանում, որ Հայաստանը պատրաստ չէ Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիր կնքել, կարծում եմ, որ դա մեծ սխալ է Երևանի համար, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ես բազմիցս բարձրաձայնել եմ իմ կարծիքը. մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ: Այսինքն՝ մենք պատրաստ ենք սկսել այդպիսի աշխատանք: Բայց Հայաստանի կողմից ոչ մի պաշտոնական արձագանք չկա: Ոչ պաշտոնական խողովակներով մենք ստանում ենք տեղեկատվություն այն մասին, որ Հայաստանը պատրաստ չէ դրան… Կարծում եմ, որ դա մեծ սխալ կլինի նրանց համար»,- ասել է Ալիևը այսօր՝ հուլիսի 14-ին, Ղարաբաղում զոհվածների և պատերազմի հաշմանդամների ընտանիքներին բնակարաններ և մեքենաներ հանձնելու արարողությանը:
Նրա խոսքով՝ Բաքուն երկու երկրների միջև հակամարտությունը կարգավորված է համարում, և Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է լինի խաղաղության պայմանագիր:
«Կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, ճանաչեն սահմանները, սկսեն աշխատել սահմանազատման ուղղությամբ: Միջազգային կազմակերպությունները նույնպես այժմ դրական ազդակներ են տալիս սահմանազատման վերաբերյալ: Եթե Հայաստանը դա չի ուզում, ապա դա նրա գործն է: Բայց Հայաստանը պետք է լավ մտածեի, այլապես ուշ կլինի»,- նշել է Ալիևը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







