Մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
«Իհարկե, արտահերթ խորհրդարանական ընտրությունները ներքաղաքական ճգնաժամը հաղթահարել են, բայց դա չի նշանակում, որ այն մարտահրավերները և օրակարգը, որոնք մեր երկրի առաջ ծառացել են պատերազմի հետևանքով, հաղթահարված են: Մենք բազմաթիվ մարտահրավերներ ունենք և կարծում ենք, որ այդ մարտահրավերների հաղթահարման համար պետք է հնարավորինս ներգրավենք մեր հանրային-ազգային լավագույն ներուժը: Ես կուզենայի լսել Ձեր տեսակետները քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ և նաև Ձեր մոտեցումները, թե ինչ կարող ենք անել, որպեսզի կառավարությունը և արտախորհրդարանական ուժերը լինեն փոխադարձաբար ավելի լսելի և ավելի տեսանելի»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը։
Քոքոբելյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ հնարավորություն ունի մի շարք կարևորագույն հարցերի շուրջ խոսելու Նիկոլ Փաշինյանի հետ:
«Ուզում եմ շնորհավորել ընտրությունների կապակցությամբ, անշուշտ կարևոր են դրանք մեր երկրի համար, նաև՝ միջազգային գնահատականների: Բնական է, որ կլինեն առանձին խնդիրներ: Դա պետք է ըմբռնենք և հասկանանք:
Իհարկե, կուզենայի, որ ընտրարշավը մի քիչ այլ կերպ ընթանար, չեմ թաքցնի: Եվ, միգուցե, դա էր պատճառներից հիմնականը, որ մենք չցանկացանք մասնակցել՝ ներկապնակի առումով: Բայց քաղաքական առումով նաև չեմ կարող չընդգծել, որ շատ ծանր փուլ է Ձեզ բաժին հասել՝ առանց այլևայլության: Ես ոչ միայն պատերազմը նկատի ունեմ, այլ ընդհանրապես՝ մեր նորանկախ Հայաստանի պատմության կյանքում՝ ինստիտուտների, տարբեր գործոնների հետ կապված:
Ամենակարևոր խնդիրները, որ մամուլում հետևում ենք և՛ ձեր տեսակետներին, և՛ քաղաքական ուժերի մոտեցումներին, բնականաբար, այսօր անվտանգության խնդիրն է, գերիների խնդիրն է: Բայց ես կուզենայի, որ անվտանգության խնդիրը դիտարկենք նաև բազմավեկտոր հարթությունում. նկատի ունեմ այսօրվա զարգացող և փոփոխվող աշխարհին համընթաց, որովհետև բարեփոխումները և ընդհանրապես՝ փոխակերպումները մեզնից դուրս են, անկախ մեզնից: Այնուհանդերձ, պետք է արձանագրենք, որ այս փուլը դաժան փուլ էր, և չեմ կարծում, որ որևիցե մեկը չի գիտակցում, որ դա, անկախ ամեն ինչից, ծանր պատասխանատվություն է թե՛ մեր հայրենակիցների, թե՛ առավել ևս Ձեզ համար: Պետք է դա գիտակցել և հասկանալ, թե Հայաստանի զարգացման ինչպիսի մոդել ենք առաջարկում: Մասնավորապես՝ ես իմ տեսակետները կնշեմ: Չեմ կարծում, որ դա Ձեզ համար նորություն է լինելու, բայց նաև կուզենայի կառավարության տեսակետների մասին խոսել:
Ընդհանրապես շատ կարևոր եմ համարում նմանատիպ քննարկումները: Մենք պետք է այդ մոդելով առաջ շարժվենք: Միայն փակ դռների հետևում հնարավոր չէ այդ խնդիրները լուծել, ինչը նաև այլ հնարավորություններ է տալիս թեկուզ անհասկանալի իրավիճակների հասարակական ընկալման դեպքում և այլն:
Ակնհայտ է, որ Հայաստանը նոր ժամանակաշրջան է մտնում, ինչպես ամբողջ աշխարհը, այդ թվում՝ նաև COVID-ի հետ կապված, համաշխարհային ընդհանուր տնտեսությանը մեծ հարվածի հետ կապված, աշխարհաքաղաքական վերադասավորումների հետ կապված, որը տակավին մի ամսվա պատմություն է. ես նկատի ունեմ «Մեծ յոթնյակի» մոտեցումները, Չինաստանի մոտեցումները: Մենք չենք կարող այդ ամենից անմասն մնալ: Եվ մենք, գտնվելով ծայրաստիճան փխրուն իրավիճակում՝ անվտանգության և տնտեսության առումով, բնական է, որ չենք կարող ականջալուր չլինել, թե ինչպես է զարգանում աշխարհը և ինչ ընթացք է ստանում»,-նշել է Քոքոբելյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






