Սանկտ Պետերբուրգում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության դատախազների համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Ինչպես հայտնել է Դատախազության մամուլի ծառայությունը, նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ երկրների դատախազությունների միջև հաղորդակցության, միջազգային հարթակներում համագործակցության, ԱՊՀ տարածքում հանցավորության դեմ պայքարում անդամ երկրների իրավապահ մարմինների ներուժը կոնսոլիդացնելու և առավել արդյունավետ կիրառելու, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Անդամ երկրների գլխավոր դատախազները վստահություն են հայտնել, որ հանդիպումը նոր խթան կհանդիսանա համակարգող խորհրդի շրջանակներում կապերի հետագա ամրապնդման և անդրազգային հանցավորության առավել արդյունավետ հակազդման համար:
Նիստից հետո կայացել է երկկողմ հանդիպում նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի միջև:
ՌԴ գլխավոր դատախազը բարձր է գնահատել ՀՀ իր գործընկերոջ դերը ինչպես երկու երկրների դատախազությունների միջև հարաբերությունների առավել սերտացման, այնպես էլ ԱՊՀ դատախազների համակարգող խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացման, միջազգային հարաբերություններում գործընկերության ոգին ամրապնդելու առումով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արցախյան հակամարտության գոտում ստեղծված հետպատերազմյան հումանիտար իրավիճակին, տարածաշրջանում խաղաղության ամրապնդման և Արցախի, ինչպես նաև ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներին:
Կարևորելով հայ ռազմագերիների և այլ անձանց վերադարձման հարցում վերջին շրջանում արձանագրվող որոշակի դրական տեղաշարժը՝ Արթուր Դավթյանը շեշտել է գործընթացի անվերապահ շարունակման անհրաժեշտությունն ինչպես միջազգային հումանիտար իրավունքի, այնպես էլ հրադադարի հաստատման 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով նախատեսված պարտավորությունների կատարման տեսանկյունից՝ որպես տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման կարևոր երաշխիք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






