Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ առանձին անդրադառնալով Հարավային Կովկասում տնտեսական կապերի եւ հաղորդակցության վերականգնմանը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Դիտարկվել են 2020թ.նոյեմբերի 9 — ին եւ հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները», — ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ առաջնորդները զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն են դարձրել Հարավային Կովկասում տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման եռակողմ ձեւաչափով աշխատանքի ակտիվացմանը:
Երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերի քննարկման ժամանակ Պուտինը եւ Ալիեւը հաստատել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը:
Առաջնորդները նաեւ պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։ Զրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






