Երեկ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած ծավալուն քննարկումների արդյունքում, այսօր կայացած լիագումար նիստում խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ (147 կողմ – 3 դեմ) բանաձև է ընդունել, որով պահանջում է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակում։
Բանաձևում մասնավորապես ասվում է.
«-Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար է կնքվել, որի մաս է կազմում գերիների, պատանդների և այլ ձերբակալվածների և զոհվածների աճյունների փոխանակումը,
-Քանի որ Ժնևյան կոնվենցիան (III) գերիների հետ վարվելակերպի վերաբերյալ պարտավորեցնում է Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել նրանց ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո,
-Քանի որ այդ երկրները պարտավոր են արժանապատվորեն վերաբերվել գերիներին և պաշտպանել ձերբակալված քաղաքացիական անձանց։
Արձանագրելով, որ Ադրբեջանը դեռևս չի ազատել բոլոր հայ գերիներին
կոչ է արվում նախարարին՝ (Եվրոպական) Խորհրդում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմիջապես բոլոր հայ գերիներին և ձերբակալված անձանց հայրենադարձելու համար»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






