Հույս կա, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կուժեղացնի իր ուշադրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ։ Այս մասին մայիսի 22-ին հայ-ամերիկյան համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում հայտարարել է Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Փոլ Ստրոնսկին, որն ավելի վաղ բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել Պետդեպարտամենտում և ԱՄՆ նախագահին կից Անվտանգության խորհրդում:
Փոլ Ստրոնսկին մի հետաքրքիր փաստ է մատնանշել։ Երկար ժամանակ ԱՄՆ վարչակազմի կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանին որևէ փոփոխություն չի նկատվել։ Այս քաղաքականությունն իրականացվել է Բիլ Քլինթոնի, Ջորջ Բուշ կրտսերի, Բարաք Օբամայի և նույնիսկ Դոնալդ Թրամփի վարչակազմերի օրոք։
Հարավային Կովկասը, փորձագետի խոսքով, տարածաշրջան է, որը հեռու է ԱՄՆ-ից, և չկան ակտիվ առևտրատնտեսական հարաբերություններ, ինչպիսին ԱՄՆ-ն ունի այլ տարածաշրջաններում: Հետևաբար, այն, ինչ պահպանում է այդ հարաբերությունները, ոչ թե տնտեսություն է, այլ այլ հարցեր։
Այդուհանդերձ, վերջին տարիներին, շարունակել է Ստրոնսկին, նկատվում է տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրության որոշակի աշխուժացում, հատկապես նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման շրջանում: Հույս կա, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կուժեղացնի իր ուշադրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ, հատկապես այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են կառավարման համակարգի բարեփոխումը, մարդու իրավունքները և ժողովրդավարությունը:
«Նախագահ Բայդենը և պետքարտուղար Բլինկենը կարևորել են այդ գործոնները ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության համար, և մենք դա կտեսնենք, բայց չենք տեսնի վերադարձը ակտիվ քաղաքականությանը, որը եղել է Ջորջ Բուշ ավագի օրոք, քանի որ աշխարհում կան բազմաթիվ այլ խնդիրներ, ինչպիսիք են Չինաստանի, Ռուսաստանի մարտահրավերները»,- նշել է փորձագետը:
Հիմա, ըստ նրա, դրան ավելանում են նաև Հարավային Կովկասի հետ կապված մարտահրավերները, որտեղ առկա է համաճարակ, տնտեսության, սոցիալական արդարության, անվտանգության հետ կապված խնդիրներ։ Փոլ Ստրոնսկին վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն կներգրավվի Հարավային Կովկասում ընթացող գործընթացներում, սակայն այդ ներգրավվածությունն այնքան էլ ակտիվ չի լինի, որքան Բուշ ավագի նախագահության օրոք:
Դոնալդ Թրամփի վարչակազմը ուշադրություն չի դարձրել քաղաքական բարեփոխումների վրա, ինչը չես ասի Ջո Բայդենի վարչակազմի մասին։ «Կարծում եմ, որ դա հնարավորություն է տալիս զարգացնել հայ-ամերիկյան հարաբերությունները, որովհետև Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և մենք հույս ունենք, որ այն կընթանա նույն ճանապարհով», – ասաց փորձագետը ՝ հիշեցնելով, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանում նկատվում է ճգնաժամ, որը լուծվում է երկրի ներսում:
«Շուտով դուք ունեք ընտրություններ, և մենք հույս ունենք, որ ժողովրդավարական դրական զարգացումները կշարունակվեն։ Կարծում եմ ՝ Վրաստանը կշարունակի մնալ տարածաշրջանում ԱՄՆ-ի գլխավոր գործընկերը։ Վաշինգտոնը զարգացնում է հարաբերությունները Թբիլիսիի հետ, քանի որ տեսնում է ԱՄՆ դաշնակից լինելու Վրաստանի անկեղծ շահագրգռվածությունը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկիրը բարդ գործընկեր է ԱՄՆ-ի համար։ Այդ երկիրը ժողովրդավարական չէ, և տեսնենք, թե ինչպես է Բայդենի վարչակազմը փոխգործակցելու Բաքվի հետ, որը վերջին տարում ժողովրդավարության հետ կապված խնդիրների հետ մեկտեղ ագրեսիվ վարքագիծ է դրսևորում»,- հայտարարել է Փոլ Ստրոնսկին։
Այնուամենայնիվ, փորձագետը կարծում է, որ ԱՄՆ-ն կշարունակի Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության ապահովմանն ուղղված իր քաղաքականությունը: Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը՝ ԱՄՆ-ը Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ ջանքեր էր գործադրում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, սակայն խնդիրը չհաջողվեց լուծել դիվանագիտական միջոցներով այն պարզ պատճառով, որ կողմերը պատրաստ չէին փոխզիջումների։
«Ցավոք, մենք բոլորս տեսանք, թե ինչի է դա հանգեցրել»,- նկատել է Ստրոնսկին: Նա նաև կարծիք է հայտնել, որ հակամարտության վերջնական կարգավորման համար անհրաժեշտ է ընդլայնել միջնորդների ձևաչափը, բարձրացնել վստահության մթնոլորտի ձևավորման միջոցառումների արդյունավետությունը, այդ թվում՝ սահմանամերձ ջրային ռեսուրսների և ականազերծման հարցերում:
Չնայած նրան, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը դաշնակիցներ չեն, Այնուամենայնիվ, երկու երկրների միջև համագործակցությունն ակտիվորեն զարգանում է, ավելանում են ամերիկյան կապիտալի ներդրումների ծավալները Հայաստանի տնտեսության մեջ։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և Ռուսաստանի դաշնակիցն է, սակայն Վաշինգտոնը Երևանի հետ լավ աշխատանքային հարաբերություններ ունի, նշել է ամերիկացի փորձագետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






