ԳՇ պետ Արտակ Դավթյանն, ըստ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի, պատերազմի մեղավորներից է, հետևաբար` նա չպետք է այդ պաշտոնը զբաղեցնի։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Ըստ նրա՝ այն թերությունները, որոնք ունեցել ենք Ապրիլյան պատերազմի ժամանակ, չենք վերացրել:
«Երբ մենք խոսում ենք բանակի և պատերազմի մասին, պետք է հասկանանք, որ բանակը միայնակ չէ պատերազմի մեջ, ամբողջ պետական կառավարման համակարգը պետք է պատրաստ լիներ պատերազմներին: Ապրիլյանից հետո ո’չ մինչև հեղափոխությունը, ո’չ էլ հեղափոխությունից հետո մեր պետությունը, պետական համակարգը չի պատրաստվել պատերազմին»,- նկատեց պատգամավորը։
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ իրեն հայտնի է, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը մեծ պլաններ է ներկայացրել բանակի բարեփոխումներ իրականացնելու համար, սակայն նշանակումից հետո սկսվել է 44-օրյա պատերազմը։ Պատգամավորը նշեց, որ մեկ ամսվա ընթացքում հնարավոր չէր շտկել և պետությունը պատրաստել պատերազմի։
«Տարիներ շարունակ Հայաստանի ներքաղաքական պրոպագանդան եղել է հետևյալը, որ թշնամին հիմարների, անհասկացող, անգետ, թամբալ, կոռումպացված, ոչ մի բանի ունակ մարդկանց խումբ է: Մեզ թմբիրի մեջ են պահել»,- շեշտեց նա։
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանը փակ նիստում քննարկել է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը:
Մանրամասները՝ տեսանյութում․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






