Հայաստանի ազգային անվտանգության և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունների տնօրենների հանդիպումները գերիների վերադարձի լուծման համար պարբերաբար են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն Ստեփան Մելքոնյանը։
Վերջինս չմեկնաբանեց, թե կոնկրետ երբ են վերջին անգամ հանդիպել պաշտոնյաները, սակայն դա, ըստ իրեն, տեղի է ունեցել մոտավորապես մեկ ամիս առաջ։
Պաշտոնյան հավելեց, որ բացի հանդիպումներից գերատեսչությունների ղեկավարները կապ են պահպանում նաև անընդհատ հեռախոսային խոսակցությունների միջոցով։
Խոսելով Սյունիքի մարզում առկա լարված ռազմաքաղաքական իրավիճակի մասին, Մելքոնյանն ասաց, որ ողջ բնագծով դիրքավորված են ոչ միայն ադրբեջանական, այլև հայկական պաշտպանական զորքերը, իսկ 520 կմ երկարությամբ բնագիծը վերջնական հստակեցված չէ։ Ահա թե ինչով է պայմանավորված այնտեղ ապրող ժողովրդի հուզականությունը։
«Երբ ռազմաքաղաքական իրավիճակը երկու պետությունների միջև կհանդարտվի, հնարավորություն կլինի երկկողմանի հանձնաժողովներ ստեղծել, այդ հարցը դարձնել քննարկման առարկա, մոտենալ դելիմիտացիայի, դեմարկացիայի։ Այդ ժամանակ ավելի հստակ կլինեն մեր սահմանը, սահմանային ինժեներական կառույցները․․․»,- ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը։
Նա բացատրեց, որ աստիճանաբար գնում ենք սահմանի երկայնքով մեկ սահմանային շերտի ստեղծմանը, որը երկու կողմերի համար էլ լինելու է սեփական պետական տարածքի հաշվին։
Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքի թեմային, ապա Մելքոնյանը հավաստիացրեց, որ այդպիսի թեմա գոյություն չունի։
«Որևէ միջանցքի մասին խոսք լինել չի կարող, կարող է լինել տրանզիտ՝ բեռնափոխադրումների համար։ Ստեղծված հանձնաժողովը զբաղվում է լոգիստիկ ճանապարհների հնարավոր տարբերակների ուսումնասիրությամբ»,- ասաց նա։
Սահմանային հարցերի ԱԳՆ ստեղծած հանձնաժողովը զբաղված է սահմանների, տարբեր տարիների քարտեզների ուսումնասիրությամբ՝ դրանք մեր շահերի հետ համադրելով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







