Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը վերստին վկայեց, որ սեփական ցավը զգում են բոլորը, սակայն խորն ու մարդկային է զգալ ու կիսել ուրիշի՛ ցավը: Ավելին, խիզախել և բարձրաձայնել այդ մասին, գրել է ՀՀ նախագահ Արմեն Սագսյանը։
«Արդեն իսկ բազմաթիվ երկրների ղեկավարներ, կառավարություններ ու խորհրդարաններ, հասարակական, հոգևոր, գիտական ու ակադեմիական շրջանակներ, միջազգային կառույցներ էին հանդես եկել 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կապակցությամբ: Իմ Հայաստան երկրի, իմ ժողովրդի և անձամբ իմ անունից ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալության ու երախտագիտության խոսքեր ուղղել նրանց բոլորին և մեզ սրտակից ժողովուրդների բոլոր զավակներին:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ստացավ ծանրակշիռ ու խիզախ մի ազդակ՝ ի դեմս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարության, ում խոսքն, ըստ էության, վերահաստատումն էր երկու տարի առաջ 2019թ. ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների կողմից Հայոց ցեղասպանությանն ճանաչման և դատապարտման: Եվս մեկ անգամ իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել ԱՄՆ նախագահին ու նրա թիմին՝ մեր կողքին լինելու, նախընտրական խոստմանը հավատարիմ մնալու համար:
Ցավը համախմբում է մեզ, բայց մենք պետք է համախմբվենք նախ և առաջ հանուն հաջողության, ինչպես նաև՝ հանուն մեր անվտանգության և շահերի: Համազգային միասնությունն ու փոխըմբռնումը, համերաշխությունն ու հանդուրժողականությունը հաջողության հասնելու լավագույն ճանապարհն են:
Հայոց ցեղասպանության դատապարտման ու ճանաչման յուրաքանչյուր քայլ յուրատեսակ ազդանշան և զգուշացում է բոլոր նրանց, ովքեր դեռ ձգտում են հարաբերությունները կարգավորել և նպատակներին հասնել բռնի ուժի և մարդու իրավունքների ոտնահարման միջոցով: Երեկ դա Օսմանյան կայսրությունն էր, այսօր՝ նրա ժառանգ ժամանակակից Թուրքիան ու վերջինիս «փոքր եղբայր» Ադրբեջանը: Իսկ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի…
Ես վստահ եմ, որ ազատ և անկախ ապրելու մեր ճանապարհը շարունակական է, որովհետև մենք կարո՛ղ ենք ու հաղթահարելո՛ւ ենք այդ ճանապարհի խոչընդոտներն ու մարտահրավերները, և դա անելու ենք նաև մեր բարեկամների աջակցությամբ»,- իր ուղերձում ասել է նախագահը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






