Հայաստան ժամանած Ֆրանսիայի Արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը հանդիպել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներից մի քանիսի հարազատների հետ: Այս մասին հայտնել է «Արմենպրես»-ը: Լըմուանը նշել է, որ այդ հանդիպումն իր համար շատ կարևոր և նշանակալից է եղել:
«Ես, ի թիվս այլոց, նաև ցանկանում էի հանդիպել 5 ռազմագերիների ընտանիքիների անդամների հետ, որովհետև Ֆրանսիան լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, համատեղությամբ իր երկու գործընկերների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, ապրիլի 13-ին հանդես եկավ հատուկ հայտարարությամբ: Հայտարարություն, որում առանձնահատուկ շեշտադրությամբ նշվում էր՝ միջազգային համաձայնագրի դրույթներին համաձայն՝ ամենաշտապ կերպով հայկական կողմին ռազմագերիների և պահվող անձանց վերադարձ»,- ասել է Լըմուանը:
ԱԳ պետքարտուղարը հայտնել է, որ հանդիպման ընթացքում փորձել են հարազատներից հնարավորինս շատ տեղեկատվություն ստանալ իրենց գերի հարազատների վերաբերյալ:
«Փորձեցի նրանց բոլորին փոխանցել ուղերձ, որ մենք պետք է ուժերին ներածի չափով մեր օժանդակությունը փորձենք ցուցաբերել, որպեսզի վերջիններս կարողանան այս հարցն իրենց համար փարատված համարել»,- նշել է Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






