Կարևոր է, որ գերիների հարցն ընդգրկվել է ԵԽԽՎ օրակարգ և քննարկվելու է, իսկ հարցը քննարկման դնելու և քվեարկելու դետալների հետ կապված հարցերը կառաջարկեմ ուղղել մեր պատվիրակության անդամներին՝ Ստրասբուրգից վերադառնալուց հետո սպասվելիք իրենց ասուլիսի ժամանակ։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ԱԺ «Իմ քայլը խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Նշենք, որ այսօր ԵԽԽՎ նստաշրջանում Երևանի ժամանակով մոտ 18։30-ին սպասվում է հայ ռազմագերիների հարցի քննարկումը։
«Մենք միշտ նշել ենք, որ գերիների հարցը պետք է լուծվի միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով։ Գերիների հարցը որքան էլ փորձում ենք չքաղաքականացնել, որովհետև քաղաքականացնելու դեպքում այն վերածվում է քաղաքական բանակցությունների առարկայի, միևնույն է՝ Ադրբեջանն այդ հարցը քաղաքականացնելու փորձեր է անում։ Հետաևաբար, նրանց նկատմամբ նաև քաղաքական ճնշում պետք է բանեցվի, ինչն արդեն արվում է»,-ասաց Ա․ Եղոյանը։
Հարցին, թե ինչ կարելի է սպասել ԵԽԽՎ-ից, որևէ բանաձև տեսնելու ենք, թե ոչ՝ Եղոյանը նշեց․
«ԵԽԽՎ-ն խորհրդարանական վեհաժողով է, դատարան չէ։ Որքան գիտեմ՝ այս ընթացակարգով բանաձև չի սպասվում, բայց սա կարևոր քայլ է, և չի բացառվում, որ հաջորդ քայլով հարցն ընդգրվի նաև այն ընթացակարգերով, որով բանաձև է ենթադրվում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






