Գեներալները միայն կարծիքներ են հայտնում, իսկ վերջում գերագույն հրամանատարն է որոշում կայացնում։ Աժ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Լելե Թեփեի օպերացիային, նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Գեներալներն առաջարկում են, և վերջում ինչ-որ մեկն, այդ մեկի անունը Նիկոլ Փաշինյան է, ասում է՝ անում ենք այս ձևով: Որոշում ես կայացրել, ասա՝ սխալ որոշում էր, պլանավորել էինք էսպես, չստացվեց: Բոլորը ճիշտ պատասխաններ կարող են ընկալվել, բայց ասել՝ ես մոդեռացնում էի, գեներալներն են որոշել՝ ուղղակի աբսուրդ է», — նկատեց պատգամավորը:
Ըստ Մարուքյանի՝ ոչ մի ապացույց չի ներկայացվել այն մասին, որ Սերժ Սարգսյանի հրահանգով է ԳՇ-ն փաստաթուղթ ստորագրել։
«Հանիրավի մարդկանց մեղադրում են և փորձում վարկաբեկել այն ժամանակ, երբ այդ մարդկանց հետ էլ ճանապարհ չունեն անցնելու»,- հավելեց նա։
Ի դեպ, Մարուքյանը չի պատրաստվում ընդունել 2020թ. սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի գաղտնի արձանագրությանը ծանոթանալու Նիկոլ Փաշինյանի առաջարկը:
«Ես չեմ պատրաստվում գնալ, ծանոթանալ գաղտնի նյութերին, որովհետև դրա իրավունքը ես ունեի մինչ այդ էլ: Ես չեմ պատրաստվում դա անել, որովհետև դրանից հետո ես չեմ կարող հանրությանը տեղեկություն հայտնել: Քանի որ վարչապետն ինքն է գաղտնի տեղեկատվություն հրապարակել, այսինքն՝ ԱԽ նիստի արձանագրությունից հղում արել, հետևաբար վարչապետն էլ պետք է հրապարակայնորեն ապացուցի, որ ինքն է ճիշտ ասում, ոչ թե գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը»,- եզրափակեց Մարուքյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






