ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
Ավելի վաղ ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը, մեկնաբանելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե պաշտոնական Մոսկվան հրաժարվել է ընդունել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնել էր, որ մոսկովյան այցը ոչ թե չեղարկվել է, այլ՝ հետաձգվել։
«Այս պահին ժամկետները ճշտվում են, քննարկումներ են ընթանում այս ուղղությամբ։ Պետք է նշեմ, որ երկկողմ համաձայնությամբ է այցը հետաձգվել։ Հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կլինի մայիսին՝ առավել խորը և ընդգրկուն օրակարգով»,- մանրամասնեց նա։
Վահան Կոստանյանը նշեց, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների շրջանակներում առաջիկա օրերին հանդիպում կլինի, որին կմասնակցի Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ պաշտոնական Մոսկվան հրաժարվել է ընդունել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, որն, ըստ նախատեսվածի, պետք է կայանար այսօր՝ ապրիլի 13-ին։ Պատվիրակությունը պետք է այցելեր նախ Մոսկվա, իսկ հաջորդ օրը՝ Սանկտ Պետերբուրգ, որտեղ պետք է մասնակցեր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






