Ինձ դիմել էին զոհված զինծառայողների ծնողները, որոնց մի մասը անհետ կորած է, և խնդրել են իրենց որդիների մասով հարուցված քրեական գործերի ընթացքի մասին տեղեկություն ստանալ։
Նրանք խոր կասկած ունեն, որ գործի քննություն ուղղակի տեղի չի ունենում։ Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ակցիային։
Նրա հավաստմամբ՝ ծնողներն ուզում են, որ իրենց որդիների մասին քրգործերը քննի ԱԱԾ-ն, իսկ ինքը խնդիր չի տեսնում դրանում, եթե քննչական մարմինների հանդեպ վստահություն չկա։
Պատգամավորի խոսքով՝ ապօրինությունները պատերազմի ընթացքում մեծ թիվ են կազմել, և շատ հարցերի պատասխանը պետք է տա քննությունը։ Ծնողներն օբյեկտիվ պատճառներ ունեն պահանջելու արդար քննություն։
Հիշեցնենք, որ այսօր՝ չորեքշաթի, ԱԺ-ում հավաքվել են մի խումբ ծնողներ, որոնք պահանջում են, որ իրենց զավակներին առնչվող գործը քննի ԱԱԾ-ն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






