Վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը երկու անգամ դիմել է Արցախի Հանրապետության բնակչության բնականոն կենսագործունեության վերականգնման դեմ ուղղված սադրանքների։
2021թ. մարտի 25-ին և 29-ին ադրբեջանական կողմը քարկոծել է Կարմիր Շուկա — Ստեփանակերտ և Ստեփանակերտ-Գորիս ճանապարհներով ընթացող քաղաքացիական ավտոմեքենաները։ Ընդ որում, երկրորդ դեպքում հարձակման է ենթարկվել Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ռազմական ագրեսիայի ընթացքում զոհվածների մասունքները տեղափոխող ավտոմեքենան։ Այս մասին հայտնել է Արցախի ԱԳՆ-ն։
«Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ուղղված նմանատիպ սադրանքները վկայում են, որ Բաքուն չի վերահսկում Արցախի օկուպացված տարածքներում գտնվող ադրբեջանական զորամիավորումներին, կամ Ադրբեջանի իշխանությունները կանխամտածված և նպատակաուղղված կերպով խաթարում են տարածաշրջանի կայունությունը և Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությունը։
Այդ կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ այդ միջադեպերը նաև հետևանք են Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանական զորամիավորումների և Ադրբեջանի ու Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող միջազգային ահաբեկչական խմբավորումների ապօրինի ներկայության։
Նման կարգի սադրիչ գործողությունները պետք է կանխվեն ամենավճռական ձևով, իսկ կազմակերպիչներն ու մասնակիցները կրեն համապատասխան պատիժ։ Անպատժելիությունն ու անգործությունը հղի են անկանխատեսելի հետևանքներով տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,- գրում է գերատեսչությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






