Աշխատանքային այցով Երևանում գտնվող ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մարտի 26-ին հանդիպել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ-ից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետպատերազմյան Արցախում առաջացած սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ ժամանակածին խնդիրներ, անդրադարձել դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Հանդիպմանը ՀՀ արտաքին գերատեսչության և ԱՀ խորհրդարանի ղեկավարները մասնավորապես խոսել են հայ ռազմագերիներին ու պատանդներին հայրենիք վերադարձնելու շուրջ ձեռնարկվող միջոցառումների մասին:
Հանդիպմանը ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, նշել է.
«Ճգնաժամային իրավիճակում հայտնված ցանկացած պետության համար լավագույն տարբերակը, թերևս, արտահերթ ընտրությունների անցկացումն է: ՀՀ-ում ստեղծված իրադրությունը ինքնին պահանջում է խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Եթե ուզում ենք ունենալ անվտանգ Արցախ, ապա պետք է ունենանք կայուն Հայաստան և հզոր Սփյուռք»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






