ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ փոխվստահության և դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունները մեծ ներուժ ունեն:
Վերահաստատելով համատեղ ծրագրերը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամությունը՝ նախարարը խոսել է համագործակցության նոր հուշագրեր կազմելու, իսկ եղածների ժամկետները երկարաձգելու, բարձրագույն կրթության որակավորումների և ավարտական փաստաթղթերի փոխճանաչման կարևորությունից:
ԿԳՄՍ նախարարը և ԻԻՀ դեսպանը խոսել են նաև պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության մասին: Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նշել է, որ հարցն իրանական կողմի ուշադրության կենտրոնում է:
Հանդիպման ավարտին կողմերն ըստ ոլորտների աշխատանքային խմբեր ստեղծելու և գործնական քայլերի անցնելու նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







