Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է Գեղամ Ստեփանյանին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
«Արցախում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատութունը արցախահայության իրավունքների համար իրավական արդարացի պահանջատիրության խորհրդանիշ է, ժողովրդավարության ցուցիչ:
Չնայած ռազմական գործողությունների դադարին՝ ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հայատյացության ագրեսիվ քաղաքականությունը և ցեղասպանության բացահայտ հռետորաբանությունը ստիպում են գործել գիտակցումով, որ պատերազմական վիճակը չի դադարել:
Ուստի պետք է գործել չդադարող եռանդով` իրավունքների բոլոր խախտումների հետևողական արձանագրումները շարունակելու, Արցախում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը նպաստելու համար:
Այս պատերազմի ողջ ընթացքում պարոն Ստեփանյանի զօրուգիշեր պրոֆեսիոնալ աշխատանքը լուրջ ներդրում էր ադրբեջանական զինված ուժերի էթնիկ զտումների, պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար փաստահավաք աշխատանքների հարցում:
Համոզված եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Գեղամ Ստեփանյանն իր աշխատակազմի կայացած, պրոֆեսիոնալ թիմով գործելու է հենց այս սկզբունքով:
Անձամբ իմ և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ողջ աշխատակազմի անունից հայտնում եմ ամբողջական պատրաստակամություն շարունակելու մեր համատեղ աշխատանքները՝ հանուն Արցախի ժողովրդավարության և յուրաքանչյուր բնակչի իրավունքների երաշխավորման»,- Facebook-ի էջում գրել է ՄԻՊ-ը։
Հիշեցնենք, որ ԱՀ ՄԻՊ է նշանակվել Գեղամ Ստեփանյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






