Մարտի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռավար հանդիպում ունեցավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամների աշխատակազմերի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը։
«Հանդիպմանը դեսպան Ներսեսյանը ներկայացրեց Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և 44-օրյա պատերազմից հետո ստեղծված հումանիտար մարտահրավերները։ Այդ համատեքստում դեսպանը կարևորեց Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցը։
Վարուժան Ներսեսյանն ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Հանդիպմանը հրավիրված էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, որը ներկայացրեց հայ ռազմագերիներին առանց նախապայմանների ազատ արձակելու ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները՝ համաձայն միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքների»,-ասված է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






