ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իմքայլական պատգամավոր Սոս Ավետիսյանը Կառավարությանն ուղղված իր հարցում ասաց, որ հետպատերազմյան շրջանում ակնհայտ խնդիր կա տվյալների կառավարման, փաստաթղթերի տրամադրման, ինչպես նաև՝ մարզերի ու մայրաքաղաքի համադրելիության հետ կապված։ Ինչպե՞ս է հնարավոր դա ավելի մատչելի դարձնել՝ առանց այն էլ դժվար կացության մեջ հայտնված մարդկանց համար։
Հարցին ի պատասխան՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ Ուլնեցու կենտրոնում զբաղվում են անհետ կորածների, գերիների փաստաթղթերի և այլ հարցերով։ Հավաքագրումը կատարվում է փաստաթղթային եղանակով, իսկ թվայնացումն ավելի ընդհանրական գործընթացներին է վերաբերում։
«Իհարկե հիմնական գործընթացի պատասխանատուն Պաշտպանության նախարարությունն է, սակայն ամբողջական աջակցությունը կառավարական համապատասխան բոլոր մարմիններից է ՊՆ-ն ստանում։ Այսինքն՝ մենք ունենք տվյալների տարբեր բազաներ, որոնք փոխգործակցության հարթակով արդեն իսկ իրար միացված են, և շատ դեպքերում մենք կարող ենք բազաներն այդ հարթակի միջոցով օգտագործել»,- մանրամասնեց Ավինյանը։
Վարչապետի տեղակալն ասաց, որ հարցերն ըստ առաջնահերթության կստանան լուծումներ։ Դրանց թվայնացումը ևս կկատարվի աստիճանաբար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






