Ընտրություններ տեղի են ունենալու ոչ թե ըստ մամուլի հրապարակումների, այլ ըստ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունների։ Քաղաքական պայմանավորվածությունները ձեռք են բերվել Հանրապետության նախագահի, ԲՀԿ ղեկավարի, ԼՀԿ ղեկավարի, «Իմ քայլը» խմբակցության ամբողջ կազմի, նաև՝ արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումների արդյունքում։
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սահմանված ժամկետներում տեղի է ունենալու վարչապետի հրաժարական, ԱԺ-ն 2 անգամ վարչապետ չի ընտրելու, որից հետո իրավունքի ուժով ԱԺ-ն արձակվելու է, ապա հունիսի 20-ին ընտրություններ են լինելու»,- ասաց վարչապետը։
ԸՕ փոփոխման հարցը պայմանավորվածության մաս չի եղել, բայց բոլոր ուժերի հետ հանդիպման ժամանակ, ինչպես վարչապետն է ասում, հնչեցրել է ընտրակարգի մասին հարցը․ այսինքն՝ լինի ռեյտինգային ընտրակա՞րգ, թե՞ ոչ։ Վարչապետն ասաց, որ երկու խորհրդարանական ուժերն էլ ԱԺ մեծամասնության հայեցողությանն են թողել որոշումը։
«Քննարկումների արդյունքոմ որոշում է կայացվել գնալ ԸՕ պարզ փոփոխությունների՝ ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով»,- ասաց վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






