Խորհրդարանը Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրում․ թեկնածուները երկուսն են՝ Արմեն Հայկյանց, Արսեն Մկրտչյան։
Արմեն Հայկյանցն ասաց, որ հանդես չի գալու ծրագրային ուղղվածության ելույթով, քանի որ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներն արդեն իսկ առաջին փուլում ներկայացրել են դա:
«Կրկին ելույթ ունենալու օրենսդրորեն ընձեռած հնարավորության շրջանակներում հանդես կգամ դիտողությամբ՝ ընտրության ընթացակարգային որոշակի դրսեւորումների եւ դա կարգավորող առանձին իրավահարաբերույթների վերաբերյալ»,- նշեց նա։
Արսեն Մկրտչյանն էլ նկատեց, որ առաջին փուլում չեղան այնպիսի հարցեր, որոնց հիման վրա հնարավոր էր նոր մոտեցում դրսեւորել:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ քվեարկությունն անցկացվելու է 11:30-ից 12:30 ընկած ժամանակահատվածում:
Հավելենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
Հիշեցնենք, որ Արմեն Հայկյանցն ու Արսեն Մկրտչյանն ընտրության առաջին փուլում չէին ընտրվել:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, որոնց թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






