Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:22

Ընտրությունները ելք չեն այս իրավիճակից. դրանք չեն լուծելու ներքաղաքական ճգնաժամը. Հրանտ Միքայելյան

Ընտրությունները ելք չեն այս իրավիճակից. դրանք չեն լուծելու ներքաղաքական ճգնաժամը. Հրանտ Միքայելյան

Քաղաքագետ և տնտեսագետ Հրանտ Միքայելյանը Armenia today-ին տված հարցազրույցում վերլուծել է Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված իրավիճակը: Նա խոսել է նաև այն պատճառների մասին, որոնք կապված են ընտրությունների անցկացման շուրջ առկա կասկածների հետ:

— Պարոն Միքայելյան, նախ՝ գալիք ընտրությունների վերաբերյալ ի՞ նչ կանխատեսումներ ունեք: Ընտրությունները տեղի կունենա՞ն և ի՞նչ ուժեր կմասնակցեն ընտրություններին:

— Ես չէի երաշխավորի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, բայց այս պահին դրանց անցկացման հավանականությունն ավելի մեծ է, քան նախկինում, քանի որ արդեն հայտարարվել է ամսաթիվը: Ինչ վերաբերում է այն ուժերին, որոնք կարող են մասնակցել, ապա առաջին հերթին դրանք այն ուժերն են, որոնք այդ մասին հայտարարել են. խոսքն իշխանության, խորհրդարանական ընդդիմության, Ռոբերտ Քոչարյանի մասին է: Իսկ Հանրապետական կուսակցությունը, Հայ Ազգային Կոնգրեսը, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ամենայն հավանականությամբ, չեն մասնակցի: Պատկերն այսպիսին է. իշխանությունն ու ընդդիմության այն հատվածը, որը կառուցողական է տրամադրված այս իշխանության նկատմամբ, մասնակցելու է ընտրություններին։

— Ինչո՞ւ եք կասկածում ընտրությունների անցկացման հավանականությանը: Ի՞նչը կարող է խոչընդոտ հանդիսանալ ընտրությունների անցկացման հարցում:

— Որովհետև այդ իշխանությունն արդեն առնվազն 2 անգամ չեղարկել է արտահերթ ընտրական գործընթացը։ Մեկ անգամ դա եղել է 2020 թվականի ապրիլին, երբ պետք է անցկացվեր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Երկրորդ դեպքը այս տարվա փետրվարին էր, բայց բողոքի ակցիաների,  ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի և մի շարք այլ իրադարձություններից հետո իշխանությունները ստիպված են եղել վերադարձնել արտահերթ ընտրությունների օրակարգը։ Այդուհանդերձ, «Իմ քայլը» խմբակցության  և վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեփական դիրքրոշումն այն էր, որ ընտրությունները կարելի է չեղյալ համարել:

— Եթե ընտրություններն իսկապես չեղյալ համարվեն, եթե իշխանությունը հրաժարվի իր խոսքերից, ի՞նչ հետևանքներ կարող են լինել, ինչպե՞ս դա կազդի երկրի իրավիճակի վրա։ Եվ, հակառակը, եթե ընտրություններն իսկապես կայանան, կարո՞ղ է դա լուծել երկրում ստեղծված իրավիճակը։

— Ինձ թվում է, որ այն իրավիճակը, որը ստեղծվել է երկրում, դժվար թե կարգավորվի ընտրություններով: Ընտրությունների միջոցով կարելի է լուծել մի խնդիր, որն առաջացել է հենց ընտրությունների հետևանքով։ Օրինակ, եթե տեղի են ունեցել անարդար ընտրություններ, հաղթել է ինչ-որ ուժ, իսկ մյուս ուժերը չեն ընդունում նրա հաղթանակը, ապա ընտրություններով այդ իրավիճակը հնարավոր է լուծել: Բայց այս իրավիճակն առաջացել է Արցախյան պատերազմում կրած պարտության և իշխանությունների գործողությունների հետևանքով, որոնք հանգեցրել են պարտության: Հետևաբար, եթե հիմա ընտրություններ լինեն և հաստատվի մի  քաղաքական կոնֆիգուրացիա, որը սկզբունքորեն չի տարբերվի եղածից, դժգոհության պատճառները չեն սպառվի:

Հնարավոր է՝ ընտրություններում հաղթանակը որոշակի ժամանակահատվածում լեգիտիմության ինչ-որ պաշար տա իշխանությանը: Իսկ  Արցախի, տնտեսության, Հայաստանի  արտաքին քաղաքական շահերի պաշտպանության հետ կապված շատ լուրջ խնդիրները հնարավոր չէ լուծել ընտրություններով։ Եթե իշխանությունը փոխվի, ապա այդ առումով ևս շատ հարցեր դեռ բաց են. դեռևս նկատելի չէ մի սուբյեկտ, որը կարող է հաղթել: Իսկ եթե խայտաբղետ կոալիցիա լինի, ապա այն կարող է բավական ազատ լինել, ճիշտ այնպես, ինչպես «17+»-ի (ընդդիմադիր կուսակցությունների) ձևաչափը։ Ես չեմ կարծում, որ ընտրությունները ելք են այս իրավիճակից։

— Իսկ եթե ոչ ընտրությունները, ապա ի՞նչը կարող է օգնել։

— Նախագահը, ինչպես նաև շատ այլ մարդիկ, պահանջում էին կառավարության հրաժարականը. մասնավորապես, անցումային կառավարության ձևավորում և ընտրությունների անցկացում՝ անցումային շրջանից  6-18 ամիս հետո:

Լուրջ կասկածներ կան, որ այս իշխանությունը կարող է ադեկվատ ընտրություններ անցկացնել։ Նախ՝ նրանք արդեն ցույց են տվել, որ կեղծիքներն իրենց համար խնդիր չեն (օրինակ ՝ պատերազմն ու մարտի 1-ի հանրահավաքը-Հ. Մ)։ Երկրորդ, չգիտես ինչու, ընդունված է համարել, որ 2018 թվականի ընտրությունները ժողովրդավարական էին։ Իրականում դուք չեք գտնի ժողովրդավարական ընտրություններ, որտեղ մեկ սուբյեկտ ստացել է ձայների 70% -ը:

Բացի այդ, երկրում կա ատելության մթնոլորտ, որն ավելի շատ տարածվում իշխանությունների կողմից: Սոցիալական ցանցերում գործում են նաև հսկայական քարոզչական մեքենաներ, որոնք ատելություն են հրահրում և կեղծ տեղեկություններ տարածում։ Նախընտրական քարոզարշավը ժողովրդավարական ընտրությունների առանցքային բաղադրիչն է, բայց առանց այս իրավիճակը կարգավորելու, չի կարելի ընտրություններ անցկացնել: Ի դեպ՝ դա պետք է լինի անցումային կառավարության հիմնական պարտականություններից մեկը: Այսինքն, զբաղվել ֆեյքերով, քարոզչական մեքենաներով, որոնք սոցցանցերում սուտ ու ատելություն են տարածում: ընդ որում՝ դրանք շատ են, և դրանք խեղաթյուրում են հասարակական կարծիքը։ Հասարակությունը պետք է հասկանա, որ ընտրում է։ Առանց դրա ընտրությունները ֆիկցիա են։ Ըստ էության, ընտրությունները ֆիքսելու են ինչ-որ քաղաքական դասավորություն, բայց դա չի որոշելու, թե այն քաղաքական ինչպիսի կառույց է լինելու:

— Նախօրեին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մտավախություն հայտնեց, որ Փաշինյանի օրոք ընտրությունները կարող են նոր ճգնաժամի սկիզբ դառնալ։ Որքանո՞վ են հիմնավորված այդ մտավախությունները։ Ի՞նչ ճգնաժամ կարող է սկսվել երկրում:

— Դա մոտ է իմ տեսակետին։ Նախ, մենք տեսնում ենք, որ ներկայիս իշխանությունը չի կարող շփվել որևէ գործընկերոջ, հատկապես՝ Ռուսաստանի հետ։ Երկրորդ՝ մենք տեսնում ենք, որ սահմանների պաշտպանության հարցում լուրջ աշխատանք չի տարվում։ Ոչ մի նշան չկա, ինչը ցույց տա, որ իշխանությունը զբաղվում է ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ։ Իշխանությունը, որը նման սխալներ է թույլ տալիս ու ամբողջությամբ կենտրոնացած է երկրի ներսում իշխանության պահպանման հարցի վրա, չի կարող կառավարել երկիրը։

Եթե նման իշխանությունը կարողանա պետական ապարատի բոլոր ուժերը կենտրոնացնել վերարտադրվելու համար, դա չի լուծելու ներքաղաքական ճգնաժամը: Ընդհանրապես, նման դեպքերում ոչինչ չի լուծվում։ Դա ինչ-որ պահի կարող է օգնել նրանց և թույլ տալ ցրել հանրահավաքները, բայց, ի վերջո, դժգոհության պատճառները չեն սպառվի. անհայտ կորածների, զոհված և գերեվարված զինվորների ծնողները, ինչպես նաև դժգոհ քաղաքացիները կպաշտպանեն հանրահավաքը։

— Պատերազմից հետո շատ մարդիկ ապատիայի մեջ են հայտնվել և չեն ցանկանում միջամտել քաղաքականությանը։ Հաշվի առնելով այս ամենը՝ ինչպիսի՞ն կարող է լինել ընտրողների մասնակցությունը գալիք ընտրություններում, ամենայն հավանականությամբ ո՞ւմ կսատարեն ընտրողները:

— Եթե ընտրություններն այժմ անցկացվեն, մարդիկ կաջակցեն Փաշինյանին։ Ապատիան առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ մարդիկ պատրաստ չեն պատասխանատվություն ստանձնել տեղի ունեցածի համար։ Բացի այդ, նշանակություն ունի նաև սոցցանցերում առկա քննադատական քարոզչամեքենան: Հենց նրա շնորհիվ է, որ Փաշինյանը պահում է իշխանությունը։ ՀՉի բացառվում նաև, այս կամ այն քաղաքական ուժերն ունեն իրենց վարկանիշի բարձրացման, կոալիցիոն կառավարության ստեղծման ծրագիր ունեն:

— Այսինքն՝ ընտրողները քի՞չ կլինեն, և նրանք Փաշինյանին ավելի շուտ ապագայի հանդեպ վախի՞ց կընտրեն:

— Ամենայն հավանականությամբ, նրանք կընտրեն ոչ թե ապագայի հանդեպ վախից, այլ ընտրության այլընտրանքի բացակայության իրենց ըմբռնումից: Նրանց տեսանկյունից իրենք այլ ընտրություն չունեն։ Թեպետ առայժմ դժվար է ասել, թե ում կարող է ձեռնտու լինել ցածր ակտիվությունը, բայց առաջին հերթին նրանց, ովքեր օգտագործում են վարչական ռեսուրսը։ Իշխանությունը կարող է փորձել այն օգտագործել, բայց հարց է, թե դա որքանով հաջող կլինի:

— Ընտրողների մոտավորապես քանի՞ տոկոսն է մասնակցելու ընտրություններին:

— Եկեք հաշվի առնենք, որ նախորդ ընտրություններին մասնակցությունը 43,6% -ն էր: Այս ընտրություններում, ամենայն հավանականությամբ, մասնակցությունը կլինի 38-40%:

— Որոշ մարդիկ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունն առաջ են քաշում, ինչպես ասում են,  «Պուտինի բարեկամը լինելու» և նրա ռուսամետ դիրքորոշման համատեքստում: Որքանո՞վ է հավանական, որ ժողովուրդը կսատարի Ռ. Քոչարյանին։

— Հարցն այն չէ, որ Քոչարյանը ռուսամետ մարդ է։ Քոչարյանի ժամանակ քաղաքականությունը կոմպլեմենտար էր: Մոտավորապես այնպիսին, ինչպես հիմա է: Իհարկե, այն տարբերությամբ, որ Ռուսաստանին նյարդայնացնող քայլեր չեն եղել, ինչպես նաև քաղաքական շրջադարձի փորձ չի եղել։ Այնուամենայնիվ, քաղաքականությունը ռուսամետ չի եղել:

— Այդ համատեքստում ասում են, որ Քոչարյանը Պուտինի ընկերն էր, և  լավ հարաբերություններ ունի նրա հետ:

— Դա նշանակում է, որ Ռուսաստանը կարող է փոխել իր քաղաքականությունը հօգուտ Հայաստանի։ Հարցն այն չէ, որ Հայաստանը կտրուկ կդառնա ռուսամետ երկիր, այլ այն, որ Ռուսաստանը կփոխի իր քաղաքականությունը և կդառնա ավելի հայամետ։ Դա հնարավոր է, քանի որ Ռուսաստանին պետք է համարժեք գործընկեր Հայաստանում, որն այս պահին չունի։ Եթե Քոչարյանը հաղթի, հնարավոր է, որ Ռուսաստանը նման գործընկեր կունենա: Ամենայն հավանականությամբ, Մոսկվայում դա կարող են այդպես դիտարկել:

— Բայց նրա հաղթանակը հնարավո՞ր է:

— Այս պահին դժվար է ասել: Քոչարյանն ընդդիմության մեջ ամենաբարձր վարկանիշն ունի, բայց այդ վարկանիշն, այնուամենայնիվ, նկատելիորեն ցածր է, քան այս պահին Փաշինյանինը: Եթե Քոչարյանը կամ նրա գործընկերներն ունեն այնպիսի պլան, որով կարող են իրավիճակը հավասարակշռել այնպես, որ 3 ամսից հաղթեն, ուրեմն շանս կլինի։ Բայց ներկա իրավիճակում նման հնարավորություն չկա։ Ընտրությունները կլինեն 3 ամսից, ուստի՝ ամեն ինչ նախօրոք հնարավոր չէ ասել: Ամեն դեպքում, շատ հնարավոր է, որ նման հնարավորություն կլինի։ Համենայն դեպս, եթե ընդդիմությունից որևէ մեկը հաղթի,  Քոչարյանը կլինի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+