Իշխանությունն ուզում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, անգամ քննարկվում է Ընտրական օրենսգիրքը փոփոխելու հարցը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով, սակայն, ամենակարևորը մեր ժողովրդի ազատ կամարտահայտությունն է: Սիմոնյանը չբացառեց, որ մեկ կամ երկու օրվա ընթացքում ընտրությունների օրը կարող է հայտնի դառնալ: Նա վստահ է, որ ընտրություններից հետո ներքաղաքական լարվածությանը վերջ կդրվի։
«Արտահերթ ընտրություններից հետո քաղաքական դիսկուրսը կտեղափոխվի ԱԺ դահլիճ։ Իշխանությունը կվերահաստատի իր մանդատը, գուցե ոչ այն չափով, ինչ եղել է 2018-ին»,- համոզմունք հայտնեց նա։
Ալեն Սիմոնյանը վստահ է՝ ՀՀ մարզերում, այդ թվում՝ Սյունիքում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շատ ձայն է հավաքելու:
Ի դեպ, քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






