Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր տեղի է ունենալու ՀՀ առաջին նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։ Քիչ առաջ դատարան եկավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը, իր խոսքն ուղղելով դատարանի բակում հավաքված իր աջակիցներին, ասաց․
«Հարգելի հայրենակիցներ, հարգելի կուսակիցներ, երկու տարի առաջ կարվեց մի քրեական գործ, որի շրջանակներում ինձ մի անհեթեթ մեղադրանք առաջադրվեց, և գործն ուղարկվեց դատարան։ Անցյալ տարի հենց այստեղ ես ասացի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ոմանք չհասկացան, թե ինչու չեմ խոսում անհեթեթ դիզելի գործի մասին, այլ խոսում եմ ազգային խնդիրների մասին։ Ոմանք տարակուսեցին, իսկ ոմանք նույնիսկ փորձեցին հեգնել։ Բայց մենք ձեզ հետ միասին զգում էինք, տեսնում էինք, կանխատեսում էինք, թե ինչի համար են այս հետապնդումները, այս ապօրինությունները, որոնք միայն իմ նկատմամբ չէին։
Այս հետապնդումները 2018թ․-ից Հայաստանում մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մասն էին, որոնց նպատակն էր վարկաբեկել Արցախյան պայքարի ակունքներում կանգնած մարդկանց, թաղել Ղարաբաղի հարցը և մեր ազգային իղձերը։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը, և հիմա ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել հետևյալը․ մեր ուղերձները, մեր զգուշացումները հանրային լայն արձագանք չունեցան։ Հսկայական զոհերով մի ամբողջ արյունալի պատերազմ պահանջվեց, որպեսզի մեր ժողովրդի աչքերը բացվեին, որպեսզի մարդիկ հասկանային իշխանությունների մտադրություններն ու էությունը։ Այսօր ևս ցանկանում եմ մի ուղերձ հղել․ ուղերձ՝ հանուն վերջին 33 տարիներին Հայաստանի ինքնիշխանության համար զոհված հերոսների, հանուն թափված արյան, հանուն մեր հայրենիքի արցախյան հատվածի ու ՀՀ-ի․ բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Արցախի կարգավիճակը լուծված է՝ լինեն ՀՀ-ի ներսում, թե ՀՀ-ից դուրս, պետք է հասկանան, որ Արցախը, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ցավոք, հնարավոր չէր ողբերգությունը կանխել, բայց ես տեսնում եմ այդ ողբերգությունից հառնելու ճանապարհը։ Կապիտուլյանտները պետք է հեռանան, ժողովուրդը պետք է պետականամետ կառավարություն ընտրի, որն օր առաջ պետք է լծվի Հայաստանի անվտանգության և մեր երկրի բարեկեցության գործին։ Այլ ճանապարհ ու այլընտրանք չկա»,-շեշտեց Սերժ Սարգսյանը։
Խոսելով իր թիմի մասին՝ նշեց, որ անցած ժամանակահատվածում կուսակցական կորուստներ են ունեցել։
«Մեր շարքերը բյուրեղացան, բայց մենք այսօր ունենք պրոֆեսիոնալ և մրցունակ թիմ ու պայքարելու ենք մեր ազգային և ուժեղ պետության համար։ Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ։ Իմ անցած կայնքով ես ապացուցել եմ, որ կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, ես կարող եմ հանուն հայ ժողովրդի զիջել մի ամբողջ իշխանություն, բայց երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը։ ՀՀԿ-ի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ լինելու է»,-հավելեց երրորդ նախագահը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






