«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը համաձայն է Լևոն Տեր-Պետրոսյանի այն տեսակետի հետ, որ Նիկոլ Փաշինյանին պետք է անվտանգության երաշխիքներ տրվեն, բայց ոչ թե երկիրը լքելու, այլ դատարանի առջև կանգնելու համար:
Այս մասին նա հայտարարեց Armenia Today-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությունը, թե ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ ելքը Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականն է և խորհրդարանի իրավական դրույթով՝ անձեռնմխելիության երաշխիքներով, նրա արտերկիր տեղափոխվելը։
Հայաստանը պատերազմում պարտություն կրեց, կորցրեց իր հինգ հազար որդիներին, Արցախի տարածքների 75%-ը: Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է սրա համար, և նա պետք է պատասխանատվության ենթարկվի:
«Փաշինյանին Հայաստանի սահմանները լքելու հնարավորություն տալը նշանակում է նրան պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն տալ: Ես հարգում եմ Հայաստանի առաջին նախագահին, բայց չեմ կիսում այս տեսակետը»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի այն կարծիքին, որ վարչապետի պարտականությունները պետք է վստահել անկուսակցական փոխվարչապետին, ապա, ըստ Զոհրաբյանի, իմաստ ունի քննարկել այս հարցը միայն այն ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարի իր հրաժարականի մասին:
Հարցին, թե ԲՀԿ-ն կմասնակցի՞ արտահերթ ընտրություններին, եթե դրանք կազմակերպվեն Նիկոլ Փաշինյանի կողմից, պատգամավորը պատասխանեց, որ կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել, քննարկումներ են սպասվում: Ամեն դեպքում, «Բարգավաճ Հայաստանը» ինքնուրույն կմասնակցի ընտրություններին, ասաց Նաիրա Զոհրաբյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






