Շնորհակալ եմ Հայաստանում ջերմ ընդունելության համար։ Գնահատում եմ ներկա ընթացիկ իրավիճակը քննարկելու հնարավորությունը։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն։
«Տարածաշրջանի ընթացիկ վիճակը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում։ Աներկբայորեն այն փոխվել է նոյեմբերի 10-ի համաձայնագրից հետո։ Ես ողջունում եմ հրադադարը և, առիթից օգտվելով, ուզում եմ հայտնել իմ խոր ափսոսանքը վիրավորների և զոհերի համար։ Հրադադարի համաձայնագիրը հիմք կտրամադրի առաջ շարժվելու կոնֆլիկտի լուծման գործընթացում»,- ասաց Լինդեն։
Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ Լինդեն գնահատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ գտնելու հակամարտության կայուն լուծում, սակայն որոշ հարցեր դեռևս սպասում են լուծման։
«ԵԱՀԿ-ն և միջազգային հանրությունը՝ որպես ամբողջություն, կարևոր դեր են խաղում անմիջական իրավիճակին անդրադառնալու և առաջ ընթանալու ճանապարհ գտնելու համար»,- ասաց ԵԱՀԿ գործող նախագահը։
Ըստ Լինդեի՝ կարևոր է հարգանք դրսևորել միջազգային իրավունքի նկատմամբ, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






