ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանն իր Facebook-ի էջում անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշմանը՝ կապված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից վարչապետին, խորհրդարանական ուժերին ու Հայրենիքի փրկության շարժմանը հանդիպման հրավիրելու հետ:
Հայտարարության մեջ ասված է. «ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է ՀՀ ներկայիս նախագահի կողմից քաղաքական ճգնաժամից դուրս գալու նպատակով փոխզիջումների որոնման հարթակի տրամադրումը և ողջունում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության սկզբունքային դիրքորոշումն ու հետևողական քայլերը՝ ճգնաժամը բացառապես փոխզիջումների հիման վրա լուծելու ուղղությամբ:
Առաջին նախագահը միաժամանակ հույս է փայփայում, որ ողջախոհությունը վերջիվերջո կհաղթի, և Հայաստանը կխուսափի անդունդ գլորվելու վերահաս սպառնալիքից»:
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը երկրում առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով նախօրեին վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին մարտի 13-ին, ժ. 12:00-ին հրավիրել է հանդիպման։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






