Իշխող կոալիցիայի մաս կազմող «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցության անդամ, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարկ Հաուպտմանը հրաժարական է տվել՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով:
Deutsche Welle-ի հաղորդմամբ՝ կասկածի պատճառը եղել է Ադրբեջանը, Թայվանը և Վիետնամը Թուրինգի դաշնային նահանգում Հաուպտմանի կողմից հրատարակվող թերթում գովազդելը:
Պատգամավորը Die Welt թերթին տված հարցազրույցում կտրականապես հերքել է բոլոր մեղադրանքները: «Այս գովազդները չեն ազդել իմ կայացրած քաղաքական որոշումների վրա»,- ասել է Հաուպտմանը:
Նա նաև հայտարարել է, որ ինքը երբեք գումար չի ստացել Ադրբեջանից և որ իր կատարած բոլոր ուղևորությունները կամ վճարվել են, կամ հաստատվել են Բունդեսթագի կողմից: Նա ոչ մի նվեր չի ընդունել: Հաուպտմանը Ադրբեջանի հետ կապված իր գործունեությունը բացատրել է նրանով, որ որպես քաղաքական գործիչ զբաղվում է արտաքին առևտրի խնդիրներով:
Deutsche Welle-ն հիշեցնում է, որ վերջերս Բունդեսթագը անձեռնմխելիությունից զրկեց նույն խմբակցության պատգամավոր Ակսել Ֆիշերին, որը, ենթադրաբար, ԵԽԽՎ-ում արեւմտյան քաղաքական գործիչների «ադրբեջանական լոբբիի» անդամ էր: Նրանք տարիներ շարունակ կանխել են, որ Բաքվի ռեժիմը մեղավոր ճանաչվի մարդու իրավունքների խախտումների համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







