«ՋիԷմ Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Երևանի քաղաքապետարան է ներկայացրել Աջափնյակ թաղամասում նախատեսվող ներդրումային-սոցիալական ծրագիր:
Ընկերությունը հանդիսանում է Երևանի Շինարարների փողոցի հ.23/1 հասցեում գտնվող հողամասի սեփականատերը, որտեղ նախատեսվում է իրականացնել 18 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկեր ունեցող ընդհանուր 11 556 քմ. մակերեսով բնակելի շենքի կառուցապատման աշխատանքներ:
Ինչպես ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, աշխատանքները նախատեսվում է անցկացնել 2 փուլով։ Սա կարող է լավ նախադեպ դառնալ Շինարարների փողոցի և համապատասխան թաղամասի 60-ականներին կառուցված բնակֆոնդի թարմացման համար։
Ընկերության կողմից իրականացվող ծրագրի արդյունքում կլուծվի 3-րդ կարգի վթարային աստիճան ունեցող Շինարարների 23 հասցեի բնակիչների վերաբնակեցման հարցը, ինչպես նաև կբարեկարգվի և կկանաչապատվի 750 քմ մակերեսով տարածք:
Բնակիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ վերջիններս մտավախություն են հայտնել շենքի վիճակի ավելի վատթարանալու հետ կապված: Արդյունքում՝ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կառուցվող շենքից բնակիչներին կտրամադրվեն բնակարաններ և կլուծվի նրանց վերաբնակեցման խնդիրը:
Հանրապետությունում, ըստ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլյանի, կա 3-րդ, 4-րդ կարգի վթարային 600-ից ավելի շենք։ Դրանցից մոտ 95-ը չորրորդ կարգի են։ Զգալի մասը Շիրակում և Լոռիում են գտնվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







