Անկախ գերեվարված անձանց կարգավիճակից Ադրբեջանի տարածքում գտնվող մեր հայրենակիցները ենթակա են վերադարձի, և մենք շարունակաբար միջազգային բոլոր ատյաններում պնդելու ենք մեր մոտեցումները։ Այս մասին հայտնել է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ու ընդգծել, որ Ալիևի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել բոլոր ռազմագերիներին հեռու է իրականությունից և հիմնազուրկ։
«Ե՛վ Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես հայտարարությունը ստորագրող կողմ, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրները պետք է ուշադրության լույսի ներքո քննեն այս հայտարարությունը և ձեռնարկեն շուտափույթ անհրաժեշտ միջոցներ Հայաստանի քաղաքացիների վերադարձն ապահովելու համար»,- գրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ փետրվարի 26-ին, հայտարարել է, որ Բաքուն բոլոր ռազմագերիներին է հանձնել Հայաստանին:
«Մենք նրանց վերադարձրեցինք բոլոր գերիներին և զոհված զինծառայողների մարմինները: Պատերազմից հետո նրանց վերադարձվեց ավելի քան 1000 դիակ»,- ասել է Ալիևը՝ ավելացնելով, որ Ադրբեջանում հիմա միայն հայ դիվերսանտներ են մնացել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






