«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր կրկին Ազատության հրապարակում է՝ հանդիպելու քաղաքացիների հետ։ Մինչև քաղաքացիների հետ զրույցը՝ Վազգեն Մանուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
Նա ասաց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր չէ, որ հարվածի տակ են: Կարծում է՝ եթե վարչապետը շարունակի պաշտոնավարել, հնարավոր է՝ աշխարհի բոլոր երկրների հետ էլ վատ հարաբերություններ կունենանք:
«Փաշինյանի՝ «Իսկանդեր»-ի մասին ասվածի վերաբերյալ նշեմ, որ այդ հայտարարությամբ մեր հարաբերությունները կտրուկ վատացրեց Ռուսաստանի հետ: Նա այդ զենքից որևէ բան չի հասկանում: Ես չգիտեմ՝ նա դիտավորյա՞լ ասաց, որ ինքը մեղավոր չէ, զենքն է մեղավոր: Հետո երևի իր համար նաև նշանակություն ունի, որ այդ զենքը գնվել է Սերժ Սարգսյանի ժամանակ ու այդկերպ ուզում է ասել, որ վատ զենք է ձեռք բերվել»,- տեսակետ հայտնեց Մանուկյանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ, ասել է. «Թող հարց տան՝ ինչո՞ւ «Իսկանդերը» չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10%-ով»։
Լրագրողի ճշտող հարցին, թե դա իրո՞ք այդպես է եղել, Փաշինյանը պատասխանել է՝ «Չգիտեմ, միգուցե 80-ականների զենք է»:
Մանրամասները՝ տեսանյութում․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






