Տելեգրամյան ալիքներով տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է իր նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին Ուկրաինայում ՀՀ դեսպան նշանակել, իսկ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։
Վլադիմիր Կարապետյանին Ուկրաինայում ՀՀ դեսպան նշանակելու լուրի իսկությունը ճշտելու նպատակով Armenia Today-ը կապ հաստատեց նրա հետ։
Կարապետյանը խնդրեց զանգահարել մի փոքր ուշ։ Երբ հարցրեցինք՝ ստո՞ւյգ են լուրերը, որ նա դեսպան է նշանակվելու, Կարապետյանն անջատեց հեռախոսազանգը։ Ավելի ուշ կրկին փորձեցինք նրա հետ կապ հաստատել, բայց հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց։
Ի դեպ, Լիլիթ Մակունցը հաստատել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու մասին լուրը։
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ օրակարգում նման հարց կա։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Կարապետյանը մամուլի քարտուղարի պաշտոնն ստանձնել էր 2019 թվականին, իսկ ազատվել՝ անցյալ տարի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






